Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հղված կոչ-ուղերձը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայր Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող քույրեր ու եղբայրներ,
Այսօր` 2022թ. սեպտեմբերի 2-ին, մենք` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցներս, դիմում ենք ձեզ մեր ընդհանուր Հայրենիքի պատմական մի հատվածի` Արցախի ու նրա ժողովրդի համար ճակատագրական մի ժամանակահատվածում, երբ մեր միասնական ջանքերից ու մտածված գործողություններից է կախված պետության ու պետականության ապագան:
Երեսունմեկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. սեպտեմբերի 2-ին, այս նույն հրապարակում մեր հազարավոր հայրենակիցներ «Միացում», «ազատություն» և «անկախություն» էին վանկարկում` հորդորելով արտահերթ նստաշրջանի հավաքված նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամավորներին ճիշտ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում: Պահը վճռական էր, ինչպես հիմա. ազատության համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում քանդվող տերությունների փլատակների տակ:
Այդ օրը ընդառաջ գնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ազգաբնակչության ցանկությանն ու կամքին՝ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի` Արցախի անկախ հանրապետությունը: Պատմական այդ որոշմանը հաջորդեցին միջազգային իրավունքի սկզբունքներին և դեռևս գործող միութենական պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ու քաղաքական գործողությունները՝ համաժողովրդական հանրաքվեն և ինքնիշխան պետության օրինական իշխանությունների ընտրությունները:
Անկախ պետության հռչակման քաղաքական գործընթացով նոր էջ բացվեց 1988թ. փետրվարին արցախահայության կողմից նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության մեջ, որն արտահայտվել էր Մայր Հայրենիքին Արցախը վերամիավորելու գաղափարախոսությամբ:
Ինքնիշխանության հաստատման ուղին ծանր էր ու հագեցած բազմաթիվ բարդություններով: Ադրբեջանի կողմից ձեռնարկված զանգվածային ջարդերի, բռնաճնշումների և էթնիկ զտումների քաղաքականությունը շուտով վերաճեց բացահայտ ռազմական գործողությունների՝ հայկական Արցախի դեմ, որին դիմակայելու համար ոտքի կանգնեց երկրամասի հայ բնակչությունը՝ Հայաստանից ու Սփյուռքից օգնության հասած բազմաթիվ հայրենակիցների հետ մեկտեղ:
Արցախի շուրջ օրեցօր սեղմվող օղակը ճեղքելու և հումանիտար աղետից խուսափելու նպատակով և ուժերի մեծագույն լարումով հաջողվեց 1992թ. մայիսին ազատագրել հայոց բերադաքաղաք Շուշին, դեպի Սյունիք տանող ճանապարհով Բերձոր քաղաքը` ցամաքային հուսալի կապ հաստատելով Մայր հայրենիքի հետ: Ազատության ու անկախության համար պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի ապագային: 1992թ. ամռանը հռչակված Արցախի անկախ հանրապետության տարածքի գրեթե կեսը օկուպացված էր հակառակորդի կողմից. մենք կորցրել էինք Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի մեծ մասը:
Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում հայությունն իր մեջ ուժ գտավ համախմբվելու և կերտելու ապագա հաղթանակները: Ազգային բանակի ստեղծումը թույլ տվեց ամուր հիմքերի վրա դնել երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերը, որի շնորհիվ 1994թ. մայիսին թշնամին պարտադրված էր զինադադարի պայմանագիր ստորագրել՝ ամրագրելով այդ պահին ռազմաճակատում ձևավորված իրավիճակը:
Ռազմի դաշտում գրանցած հաջողություններին զուգահեռ ակտիվացավ նաև 1992թ. գարնանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով մեկնարկած և Մինսկի խմբի ձևաչափում կենտրոնացվող բանակցային գործընթացը, որի ամփոփումը հանդիսացավ 1994թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտող կողմի արձանագրումը:
Հետպատերազմյան տարիներին Արցախի Հանրապետությունը, հաղթահարելով բազմաթիվ նոր դժվարություններ, ձեռնամուխ եղավ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից իրավական ու ժողովրդավարական պետության կառուցմանը, և այդ ջանքերի հանրագումարում 2006թ. ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Սահմանադրությունը:
Մինչդեռ Արցախի ժողովուրդը խստորեն հետևում էր ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային միջնորդների առաջարկած հայեցակարգին, Ադրբեջանը ծածուկ և բացահայտ պատրաստվում էր նոր պատերազմի: Ցավոք, մեր բոլոր զգուշացումները միջազգային կազմակերպություններին և կարգավորման գործընթացում ներգրավված դերակատարներին սպասված արդյունքներ չունեցան, և հակառակորդը, օգտվելով թողտվությունից, մշտական սադրանքներ էր ստեղծում Արցախի սահմանին:
Այդ ամենի կիզակետը պետք է համարել 2016թ. քառօրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, օգտվելով միջազգային կառույցների ոչ հասցեական արձագանքներից, դիմեց հերթական արկածախնդրությանը: Այդ նույն օրերին աշխարհասփյուռ հայությունը աննախադեպ աջակցության օրինակ և Արցախը պաշտպանելու բարձր պատրաստակամություն ցույց տվեց և, հավանաբարար, հենց այդ գործոնները հուշեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ քաշվել և ապագա ագրեսիվ ծրագրերի համար խնդրել հակահայ այլ ուժերի օգնությունը՝ Թուրքիայի գլխավորությամբ: