ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Ուսանել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի:
Իր կերտած կտավներում կարողացել է միահյուսել մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Արկադի Բաղդասարյանը 100-ից ավելի կտավների հեղինակ է, որոնց թվում՝ «Կոմպոզիցիա», «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ», «Խաչելություն», «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» և այլն:
Նրա ստեղծած կտավներին բնորոշ են խիստ մշակված պայծառ մակերեսները: Նկարիչն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:
1976 թ.-ից Արկադի Բաղդասարյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա կտավները զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի, Գրիմ եղբայրների թանգարանի և այլ նշանավոր թանգարանների սրահները:
2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 2015 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչմանը:
Մշակութասեր հանրության, նրա արվեստի երկրպագուների և գործընկերների հիշողության մեջ նա կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արվեստագետ:
Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-20.00-ն՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը` ս. թ. սեպտեմբերի 3-ին՝ ժ. 11.00-13.00, Հայաստանի նկարիչների միությունից: