Անչափահասների և վերջիններիս ծնողների հետ կապված նոր փոփոխություն՝ «Ոստիկանության մասին» օրենքում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին կքննարկի «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և վերջիններիս ծնողների շրջանում:

Հիմնավորման մեջ նշվում է, թե որ դեպքում դրանք կիրականացվեն և որ պայմաններում։

«Սույն նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած այն անչափահասի, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու եւ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձեւով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետեւանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ, որի համաձայն կհաստատվի ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգը, ինչն էլ հնարավորություն կնձեռի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների եւ վերջիններիս ծնողների շրջանում»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել