Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող «Արժութային կարգավորումներ և արժութային սահմանափակումներ» հաշվետվության մեջ տրված սահմանման` «Ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում և արժութային շուկային ցանկացած պաշտոնական միջամտության նպատակը ավելի շուտ փոխարժեքի փոփոխությունները չափավորելը և չափազանց մեծ տատանումները կանխելն է, քան թե դրա մակարդակը սահմանելը»:
Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի պարզաբանման մեջ։
ԿԲ կողմից արժութային շուկայում ձևավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար, և ըստ ցանկության կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: ԱՄՆ դոլարի (այլ արժույթների շրջանառությունները ՀՀ արժութային շուկայում էական ծավալ չեն կազմում) նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հրապարակվում է համաձայն, նախորդ օրը արտարժութային շուկայում ձևավորված միջին կշռված փոխարժեքների հիման վրա` ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա: Մնացած արժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հաշվարկվում է ԱՄՆ դոլար/այլ արժույթներ խաչաձև փոխարժեքների օգնությամբ (վերջիններս ձևավորվում են այդ երկրների կենտրոնական բանկերի կամ բորսաների գնանշումներից):
«Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի և դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետևանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը:
Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաև մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձևավորվող սպասումները:
Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տևական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ օրինակ ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) և կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է»,-նշվում է պարզաբանման մեջ: