Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի հիվանդացության աճ: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ։ Ինչպես գիտեք եվրոպական երկրներում ալիքը բավական արագ տեմպով զարգանում է և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացման հետ վիրուսի որոշակի ներթափանցում լինելու է»,-նշեց նախարարը:
Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենք զգոն կերպով հետևում են և առողջապահական համակարգը պատրաստ է բոլոր տեսակի զարգացումներին․ «Առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կհասկանանք՝ արդյո՞ք այս ալիքն ունի ավելի տարածվելու միտում, թե գնում ենք մի փոքր կայունացման»:
Անդրադառնալով հնարավոր սահմանափակումներին նա ասաց, որ դրանք կապված են համաճարակային իրավիճակի հետ:
«Այո, եթե հանկարծ համաճարակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել՝ միանշանակ, բայց այս պահին նման իրավիճակ չունենք և որևէ սահմանափակում չի գործում: Մեր խորհուրդն է, որ ԲԿ-ներ այցելելիս կրեք դիմակ»-ասաց նախարարը: