Հայտնի է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթողը. ԱՅԲ

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։ ՌՀՕ ազգային փուլը 2016 թվականից Հայաստանում կազմակերպում և անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը։

Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամը։

Այս մրցույթի նպատակն է զարգացնել աշակերտների տրամաբանությունը և ճարտարագիտական ունակությունները՝ նպաստելով տեսական գիտելիքների գործնական կիրառմանը և խթանելով աշակերտների ստեղծարարությունը։ Ընդհանուր առմամբ մրցույթին այս տարի մասնակցեց 16 թիմ, ինչը կրկնակի ավել է անցած տարվա ցուցանիշից։ ՌՀՕ-ի մասնակիցներն էին 8-19 տարեկան աշակերտները՝ համապատասխան տարիքային խմբերում՝ տարրական (10 թիմ), կրտսեր (4 թիմ) ու ավագ  (2 թիմ): «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը մրցույթի բացման արարողության ժամանակ առանձնացրեց այն փաստը, որ տարիների ընթացքում ՌՀՕ-ն վերածվել է լեգո կրթության ոլորտում մի յուրահատուկ շարժման, որն իր շուրջն է համախմբում ռոբոտաշինությամբ հետաքրքրված մեծ թվով աշակերտների, մարզիչների ու կազմակերպությունների։

Մենք կարող ենք արձանագրել, որ ունենք այս ոլորտի շուրջ համախմբված կայուն համայնք։ Գնալով ավելանում է նաև ՌՀՕ-ին միացող գործընկերների և հովանավորների թիվը։ Նշենք, որ մրցույթի այս տարվա հովանավորն էր Ռոստելեկոմ ընկերությունը, իսկ գործընկներն էր «Զիզզագ» ընկերությունը։ «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Տաթև Ադամյանի խոսքով էլ անչափ ուրախալի է տեսնել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող աշակերտների թվի շարունակական աճը և հատկապես այն, որ 2016 թվականի համեմատ, երբ առաջին անգամ անցկացվեց մրցույթը, հիմա 3 անգամ մեծ թվով աղջիկներ են ներգրավված ռոբոտաշինության մեջ։ 

2022-ին մրցույթն անցկացվեց «Ռոբո առաքելություն» և «Ապագա նորարարներ» կատեգորիաներում։ ՌՀՕ մասնակից 16 թիմերից կեսը ներկայացնում էին մարզերը (Շիրակ, Կոտայք, Սյունիք)։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց  «Գիտտուն 1» թիմը Կապանից, որն արժանացավ նաև գլխավոր մրցանակին՝ ուղեգիր դեպի Գերմանիա՝ մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։ Կրտսեր տարիքային խմբում հաղթեց «Best trio» թիմը, իսկ ավագ տարիքային խմբում լավագույնն էր «Ֆիզմաթ» թիմը։ Հատուկ մրցանակի արժանացավ Գյումրիի «Մուշ» թիմի մասնակից Լյովա Սարոյանը, ով մրցույթի հաջորդ օրը մեկնում էր ՀՀ ԶՈՒ ծառայության։ Եվս մեկ հատուկ մրցանակի, կրկին «Մուշ» թիմից, արժանացավ Նարեկ Սարոյանը՝ խնդրի համար յուրահատուկ լուծում առաջարկելու համար։

Այս տարվա մրցույթի կարգախոսն էր «Իմ ռոբոտն իմ ընկերն է», և ՌՀՕ ընթացքում աշակերտները փորձեցին հասնել իրենց գերնպատակին՝ այն է՝ ռոբոտների միջոցով մարդկային կյանքն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնել։ Այժմ սպասում ենք հաղթող թիմի հաջող ելույթին այս տարվա աշնանը՝ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել