«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հայտարարությունը.
«Շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է հերքել www.ecolur.org կայքում հուլիսի 14-ին հրապարակված «Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՋԹ տրամադրելով «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին» նյութը:
Նախարարության հերքման պահանջում նշված է.
«Հերքման պահանջ «Ecolur.am» կայքին
Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ չի խախտել:
Ի պատասխան «Ecolur.am» լրատվական կայքում տեղ գտած «Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՋԹ տրամադրելով «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է իրավական ակտի պահանջ, չի համապատասխանում իրականությանը:
«Լոռվա Ամրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի փետրվարի 09-ին Շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացվել «Լորիբերդ-1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտերը և կից փաստաթղթերը:
Հայտերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ընկերությունը փհէկերի կառուցումը նախատեսում է Լոռու մարզում՝ Ձորագետ գետի վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետը (նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N488-Ն որոշման հավելվածի 19)-րդ կետը, համաձայն որի՝ Դեբեդ գետի Ձորագետ վտակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետ, մերժել է ջրօգտագործման թույլտվության հայտերը: Ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, ինչպես նաև խնդրել է դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց, այն է` ժամանակավորապես բավարարել Հայցվորի պահանջը: Վարչական դատարանը Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը 29.06.2021 թվականին բավարարել է` պարտավորեցնելով նախարարությանը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հայցվորի 08.02.2021թ. հայտի հիման վրա «Լոռվա ամրոց» ՍՊ ընկերությանը տրամադրել «Լորիբերդ» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ջրօգտագործման թույլտվություններ:
Նախարարությունը Հայցի ապահովում կիրառելու մասին որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է, ինչից հետո, հիմք ընդունելով դատարանի որոշումը, կազմակերպությանը ժամանակավորապես տրամադրել է ջրօգտագործման թույլտվություններ: Հետևաբար, անհիմն է այն պնդումը, որ նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ է խախտել:
Ըստ այդմ, ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»:
ԷկոԼուրը հայտնում է, որ իր հրապարակած նյութը բացառապես հիմնված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Դատական իրավական համակարգի կայքերում հրապարակված տեղեկատվության, ՀՀ կառավարության 2021թ-ի ապրիլի 8-ի 488-Ն որոշման վրա:
Նշենք, որ ՀՀ ջրային օրենսգրքում և ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ հաստատված ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգում «ժամանակավոր ջրօգտագործման թույլտվություն» եզրույթ գոյություն չունի: Թեպետ հրապարակված նյութում նշված չէ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ժամանակավոր ջրօգտագործման թույլտվություն է տրամադրել «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին՝ բավարարելով ՎԴ/7002/05/21 դատական գործով Վարչական դատարանի կայացրած որոշման պահանջը որպես հայցի ապահովման միջոց, այնուամենայնիվ, մեր համոզմամբ վերջնական արդյունքն այն է, որ չեն պահպանվել ինչպես ՀՀ ջրային օրենսգրքի, այնպես էլ ՀՀ կառավարության 2021թ-ի ապրիլի 8-ի 488-Ն որոշման պահանջները՝ թեկուզ «ժամանակավոր ջրօգտագործման թույլտվություն» տալով «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին:
Հավելենք, որ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն, հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության: Համաձայն N: ՎԴ/9255/05/21 դատական գործի՝ ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 08.04.2021թ. թիվ 488-Նորոշմանը կից հավելվածի 19-րդ կետը՝ Դեբետ գետի Ձորագետ վտակը նախատեսող դրույթը: Դատարանը հայցն ընդունել է վարույթ:
Մեր կարծիքով՝ այս հայցերի բավարարումը կարող է նախադեպ հանդիսանալ նաև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված 25 արգելված գետերի վրա նոր ՓՀԷԿ-եր կառուցելու մտադրություն ունեցողների համար: Այդպիսով, կիմաստազրկվեն ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը և ՀՀ կառավարության 08.04.2021թ. թիվ 488-Ն որոշումը, և լուրջ վտանգ կսպառնա այդ գետերի էկոհամակարգերին:
Ի դեպ, www.ecolur.am կայք գոյություն չունի, այլ գոյություն ունի www.ecolur.org կայք»: