Փորձելու ենք բեկում մտցնել քիմիական արդյունաբերության ոլորտում․ Վահան Քերոբյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է՝ Հայաստանում կան ոլորտներ, որտեղ փորձելու են բեկում մտցնել։ Նա անդրադարձել է արդյունաբերության հինգ գերակա ոլորտների զարգացման վերաբերյալ Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված հայեցակարգին, որով նախատեսվում է, որ արդյունաբերության տարբեր ոլորտներ տարեկան 20-25 տոկոս աճ պետք է ունենան։ Օրինակ՝ քիմիական արդյունաբերությունը. «Դա Սովետական Հայաստանի ժամանակ եղել է տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկը։ Դա, ըստ էության, արդյունաբերության ամենաբարձր արտադրողականություն ունեցող ոլորտներից է։ Հիմա այս ոլորտում մենք փորձում ենք փրկել մեր քիմիական արդյունաբերության ապագան։ Այդ առումով մարտահրավերները մեծ են»:

Դիտարկմանը, որ 20-25 տոկոս նախատեսված աճի պարագայում խոսքը ոչ թե ոլորտը փրկելու, այլ այն ծաղկեցնելու մասին է, նախարարն ասել է, որ քիմիական արդյունաբերության պարագայում դա նույնիսկ շատ քիչ է, քանի որ Հայաստանն այսօր ունի շատ չնչին քիմիական արդյունաբերություն։

«Եվ մեր նպատակն է դա լուրջ ոլորտ դարձնել։ Եվ այդ առումով մենք արդեն քննարկումներ ունենք տարբեր երկրներից մեր գործընկերների հետ։ Կարծում եմ, որ շուտով կկարողանանք ինչ-որ ծրագրեր, էական, լուրջ ծրագրեր իրականացնել»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, օրինակ՝ ոսկերչությունը, ադամանդագործությունը, ապա նախարարն ասել է, որ անկախ հայեցակարգի իրագործումից, այդ երկու ոլորտներն արդեն մեծ աճ ունեն այս տարի։

«Եվ կարծում եմ՝ այն զարգացումները, որ մենք տեսնում ենք, թե՛ ԵԱՏՄ, թե՛ արաբական, թե՛ ամերիկյան շուկան լուրջ զարգացում են հիմա ապրում, թույլ կտան մեզ, որպեսզի մենք մեր ծրագրերը հեշտությամբ իրագործենք»,-ասել է նա։

Նախարարը նշել է, որ այս պահին մեծ խնդիրներ կան տեքստիլ արդյունաբերության ոլորտում՝ դոլարի և եվրոյի արժեզրկման հետ կապված, ինչը հայկական ապրանքները եվրոպական, ամերիկյան շուկաներում դարձնում է բավականին խոցելի։

«Իհարկե, մեր ուշադրությունն ուղղված է նրան, որ կարողանանք ընդհանուր ոլորտի արտադրողականությունը բարձրացնել, իսկ մեր հիմնական գործիքները հավելյալ արժեք ներդնելն է, այսինքն՝ բրենդը, ապրանքային դիզայնը, լոգիստիկ նոր շղթաների ստեղծումը և այլն, որի արդյունքում կկարողանանք մեր տեքստիլ արդյունաբերության մրցունակությունը բարձրացնել»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել