Արթուր Ղազինյանից և Վահե Հակոբյանից դեռ դիմումներ չեն ստացվել. Ծովինար Խաչատրյան

Ազգային ժողովում դեռ չեն ստացել Արթուր Ղազինյանի պատգամավորական մանդատից հրաժարականի դիմումը: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ևս պատրաստվում է վայր դնել իր մանդատը:

«Վահե Հակոբյանից ևս դիմում չենք ստացել»,-նշեց Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ Արթուր Ղազինյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասվում էր․

«Սիրելի հայրենակիցներ,

Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում:

Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:
Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:

Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ:

Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է:

«Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել. որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:

«Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն. հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք:

Աստված պահապան Հայաստանին ու Արցախին

Աստված պահապան Հայ ժողովրդին»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ևս վայր է դրել պատգամավորական մանդատը: Նրան կփոխարինի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել