Իշխանությունը կրկին ժողովրդի թիկունքում ձեռք է բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան

Արցախ-Հայաստան ցամաքային ճանապարհն իրոք ճակատագրական խնդիր է, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովվելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ։ Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ մակարդակով են համաձայնություններ ձեռք բերվել, կա՞ն համաձայնություններ և որտե՞ղ են ստորագրվել։ Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ։

Երեք տարվա ընթացքում պետք է հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, այնինչ 20 ամիս անց Ադրբեջանը կառուցել է 32 կմ երկարությամբ ճանապարհ և արագացված ընթացքով առաջ է մղում իր շահերը։ Ո՞ւմ էձեռնտու այս շտապողականությունը», – հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի մասով, ավելին՝ խախտել է եռակողմ համաձայնագրի բազմաթիվ կետեր։

«Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է համաձայնագրի կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սասարկում են Ադրբեջանի շահերը», – ասաց բանախոսը։

Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է պաշտոնները, մանդատները նվիրել իշխանությանը, տալ պարգեւավճար ու կրկնակի աշխատավարձ, եթե իշխանություններն ստորագրեն հունիսի 3-ի հայտարարությունը։

«Մեր նպատակը բոլորին պարզ է։ Եթե իրենք հունիսի 3-ի հայտարարությունը վաղը առավոտ գան խորհրդարան ու ստորագրեն, ապա այդ պաշտոններն էլ ենք իրենց տալու, մանդատներն էլ, ձեզ էլ կխնդրենք ամեն ամիս ձեր աշխատավարձից պարգեւավճար տալ»,- հայտարարել է Ի. Սաղաթելյանը։

Խոսքն ուղղելով իշխանություններին՝ Ի. Սաղաթելյանը նշել է.«եկեք այդ փաստաթուղթը ստորագրեք, երաշխավորեք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ու պաշտոններն էլ կտանք, մանդատներն էլ, կրկնակի աշխատավարձ էլ»։

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունները չեն ստորագրում, որովհետեւ սպասարկում են Ալիևի, Էրդողանի ու թուրքերի շահերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել