Ես տիկին Վարդապետյանին ընտրելու եմ նաև նրա համար, որ նա կին է․ Վիլեն Գաբրիելյանը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին ընտրելու իր պատճառների մասին

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։ Այդ պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Մտքերի փոխանակության ժամին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, որ Հայաստանում գործող համակարգերում ներսից մարդ նշանակելը 2018թ-ի հեղափոխությունից հետո ոչ նպատակահարմար է։
«Կարծում եմ տվյալ համակարգերը կարող են արդյունավետ աշխատեցնել և բարեփոխումների բերել միայն այն մարդիկ, որոնք համակարգից դուրս են, որոնք իհարկե մասնագետ են, պրոֆեսիոնալ են, ունեն պատկերացումներ և տեսլական այդ համակարգերի վերաբերյալ»,- ասաց նա։

Գաբրիելյանը նշեց, որ շատ կարևոր է համակարգին կողքից նայելու ունակություն ունենալ։

«Երբ դու համակարգի մեջ ես, տարիների ընթացքում դու լճանում ես, և կարծրատիպերը այդպես են ձևավորվում։ Ես տիկին Վարդապետյանին ընտրելու եմ միայն այն բանի համար, որ նա պրոֆեսիոնալ է, իր մարդկային որակների համար, բայց նաև, կներեք պետք է ասեմ, տիկին Վարդապետյան, հենց նրա համար, որովհետև Դուք կին եք։ Ես խորապես համոզմունք ունեմ, որ ՀՀ-ում կանայք ավելի շատ ոչ կոմպրոմիսային են, քան տղամարդիկ։ Դա իմ կարծիքն է, գուցե նաև սուբյեկտիվ»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել