Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին: Կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի դերը՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ վերջինները պետք է մշտական կապի մեջ լինեն բնակիչների հետ ու տեղերում հասկանան առկա խնդիրները:
«Քաղաքում նախաձեռնված լայնածավալ նախագծերին զուգահեռ՝ վարչական շրջաններից յուրաքանչյուրն էլ իր հերթին է ծրագրեր իրականացնում: Շատ կարևոր է, որ դուք մշտական շրջայցերի ընթացքում տեղերում ծանոթանաք վարչական շրջանների խնդիրներին, ու բնակիչների հետ միասին կարողանանք գտնել արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետը:
Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:
Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրեն Ղամբարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/06/289796915_597323645082992_3101491260031406705_n.jpg)