Իշխան Սաղաթելյանը հայտնեց, թե ինչի համար են իրենք պայքարում

Նիկոլ Փաշինյանը նաև գերի է վերցրել կառավարության անդամներին, որովհետև շատ դժվար է նայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերի մեջ ու հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք այսօր եղանք ԵՊՀ-ում: Ոստիկանական պատնեշներով արգելափակում են ոչ միայն կառավարական շենքերը, այլ նաև՝ բուհերը, իսկ համալսարանի ռեկտորը լինելով այնտեղ ներսից դուռը փակեց ու քարտուղարուհուն ասեց փոխանցել, որ ներսում մարդ չկա»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենք պայքարում են ոչ թե իշխանության այլ՝ Հայաստանի ինքնիշխանության համար:

«Մենք պայքարում ենք ոչ ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար: Մենք պայքարում ենք, որ Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա: Այն ինչ-որ անում են այսօր գործող իշխանությունները, դրա վերջն այն է, որ մենք պետականություն չենք ունենալու»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ֆինանսների նախարարի այսօրվա հայտարարություններին:

«Նա հայտարարեց, որ Հայաստանի պետական պարտքն հասել է այն պատմական առավելագույնին: Սրանք իրենց կառավարման տարիներին 36 տոկոս ավելացրել են պետական պարտքը: Այսինքն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա մոտ հազար դոլար պարտք են ավելացրել»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել