Ի՞նչ սահմանափակումներ են նախատեսված փրկարար ծառայողի համար

Փրկարար ծառայողն իրավունք չունի՝

ա) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
բ) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
գ) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
դ) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների և ելույթների համար.
ե) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու փրկարարական ծառայության նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
զ) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
է) լինելու որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.
ը) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:

Փրկարարական ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

Ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

Ծառայողին չի տրվում իր՝ պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել