Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր քրեական օրենսգիրքը, որով արմատապես փոխվում է քրեական իրավունքի մասին պատկերացումը․ Գոռ Հովհաննիսյան

Միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, Սաքսոնիայի փաստաբանների պալատի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Սիրելի իրավաբաններ,

հավանաբար գիտեք, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր քրեական օրենսգիրքը։ Դրանով արմատապես փոխվում է քրեական իրավունքի մասին պատկերացումը։ Մասնավորապես, 19-րդ դարի պատճառական արարքի տեսությունից, որի վրա հիմնված է դեռ գործող քրեական օրենագիրքը, անցում է կատարվում նպատակամետ արարքի տեսությանը։ Դա ամբողջովին փոխում է հանցագործության մասին պատկերացումը։

Քանի որ նպատակամետ արարքի տեսությունը հավասարեցնում է օրենքով արգելված արարքի նպատակամետ բնույթը դիտավորության հետ, ուստի դիտավորությունը դուրս է գալիս մեղքի միջից ու դառնում է փաստակազմի հատկանիշ։ Հետևաբար, հուլիսի 1-ից այն այլևս ոչ մի կապ չի ունենալու մեղքի հետ և չի ստուգվելու մեղքի մեջ, այլ պետք է ստուգվի փաստակազմի ներքո՝ իբրև սուբյեկտիվ փաստակազմ։ Դրա հետևանքն այն է, որ հնարավոր է դառնում դիտավորյալ արարք, որում բացակայում է արարքը կատարողի մեղքը։ Այսօրվա քրեական օրենսգրքով նման պատկերացումն ուղղակի աբսուրդ է։

Մի քիչ ավելի բարդ է անզգուշության հարցը։ Որքանով խոսքը իրավական շրջանառության մեջ անհրաժեշտ զգոնության պահանջի խախտման մասին է, անզգուշությունը դառնում է փաստակազմի հատկանիշ, ինչպես դիտավորությունը, և պիտի կրկին ստուգվի փաստակազմի ներքո։ Որքանով խոսքը այդ զգոնությունը չպահպանելու համար անձին ուղղված պարսավանքի մասին է, անզգուշությունը մնում է մեղքի բաղադրիչ ու պիտի ստուգվի, ի տարբերություն դիտավորության, մեղքի մեջ։ Ու էլի բազմաթիվ այլ արմատական փոփոխություններ։

Թե ինչ ֆունդամենտալ տարբերություն կա դեռ գործող ու նոր քրեական օրենսգրքերի միջև, կարող եք համառոտ ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/gor.hovhannisyan1/posts/10216385030286066:

Այնուամենայնիվ հաստատ կարող եմ ասել, որ ձեր կյանքում, ցավոք, ոչինչ չի փոխվի, որովհետև քրեական օրենսգիրքը կիրառողներն այս ֆունդամենտալ փոփոխությունների մասին բնականաբար տեղյակ չեն (ու որտեղի՞ց պիտի իմանան) ու անհրաժեշտաբար շարունակելու են նոր օրենսգիրքը նույնպես կիրառել իրենց հին պատկերացումներին համապատասխան։ Ամեն ինչ ճիշտ նույն կերպ է եղել նաև սահմանադրական բոլոր փոփոխություններից հետո։ Դրա համար էլ ձեր կյանքը ոչ մի օրենսդրական փոփոխությունից հետո չի լավանում։ Աայդ պատճառով ինքս ինձ միշտ հարց եմ տալիս, թե Հայաստանում օրենքները փոփոխելու իմաստը որն է ընդհանրապես։ Մարդիկ բոլոր օրենքները հասկանալիորեն կիրառում են իրենց սխալ իրավաընկալման հիման վրա։ Ու սխալ գիտելիքը հետո փոխելը գրեթե անհնար է։ Մարդը դժվարությամբ է հրաժարվում իր ունեցած գիտելիքից, հատկապես երբ ասում ես, որ ինքը երկար տարիներ սխալ է իմացել։ Մարդիկ ավելի շուտ գերադասում են մերժել նորը և շարունակել ամեն ինչ անել հին ու սխալ գիտելիքներով, քան թե ընդունել, որ մինչև հիմա սխալ են իմացել։ Դրա համար պետք է հենց սկզբից իրավաբանը համալսարանում ամեն ինչ ճիշտ սովորի, քանի որ հետո սխալը վերացնելը գրեթե անհնար է, բացառությամբ եթե մարդը նորից սկզբից մինչև վերջ նոր, այս անգամ ճիշտ, իրավաբանական կրթություն ստանա։

Ես կփորձեմ պարբերաբար հոդվածներ ու խնդիրներ գրել նոր քրեական օրենսգրքի ամենակարևոր փոփոխությունների մասին, բայց դա վերջին հաշվով պրոբլեմի լուծում չէ։ Կրկնում եմ, պրոբլեմի միակ լուծումը համալսարանում ճիշտ գիտելիքներ ստանալն է, բայց թե ո՞վ պիտի հաղորդի ուսանողներին այդ ճիշտ գիտելիքները, ամենամեծ հարցականն է։ Մի տեսակ փակ շղթա է ստեղծված, որը հաղթահարելու ուղի ինքս դեռ չեմ տեսնում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել