Դատական վիճաբանություններ. Ինչպե՞ս են դրանք ներկայացվում

Դատական վիճաբանությունների փուլը քրեական գործի քննության կարևորագույն փուլերից է: Քրեական գործի դատաքննությունն ավարտելուց հետո նախագահողը հայտարարում է, որ դատարանն անցնում է դատական վիճաբանություններն ունկնդրելուն և ամբաստանյալի վերջին խոսքը լսելուն:

Եթե դատական վիճաբանություններին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է` իրեն ժամանակ տրամադրել դատական վիճաբանություններին նախապատրաստվելու համար, նախագահողը հայտարարում է ընդմիջում` նշելով դրա տևողությունը:

Դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:

Եթե մեղադրանքը պաշտպանում է մի քանի մեղադրող, գործին մասնակցում են մի քանի տուժող, պաշտպան, քաղաքացիական պատասխանող և նրանց ներկայացուցիչներ, քաղաքացիական հայցվոր և նրանց ներկայացուցիչներ, ամբաստանյալ, նախագահողը, նրանց ժամանակ է տալիս` ելույթ ունենալու հաջորդականությունն իրենց միջև որոշելու համար: Անհրաժեշտության դեպքում դրա համար կարող է հայտարարվել ընդմիջում: Եթե նշված անձինք վիճաբանություններում ելույթ ունենալու հաջորդականության հարցում համաձայնության չեն գալիս, դատարանը, լսելով նրանց կարծիքը, ընդունում է համապատասխան որոշում:

Դատական վիճաբանությունների փուլում իրենց ճառերում կողմերն իրավունք չունեն հիմնվել այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել դատաքննության ժամանակ: Իր հետևությունները հիմնավորելու համար նոր ապացույցներ օգտագործելու անհրաժեշտության դեպքում կողմը միջնորդություն է հարուցում դատաքննությունը վերսկսելու մասին` նշելով, թե որ հանգամանքներն են պահանջում լրացուցիչ հետազոտություն և ինչպիսի նոր ապացույցների հիման վրա: Դատարանը, լսելով մյուս կողմի կարծիքը, պատճառաբանված որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

Դատարանը չի կարող դատական վիճաբանությունների տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, սակայն նախագահողն իրավունք ունի ընդհատել վիճաբանություններին մասնակցող անձանց, եթե նրանք շոշափում են քննարկվող գործի հետ առնչություն չունեցող հանգամանքներ:

Դատական վիճաբանությունների բոլոր մասնակիցներն իրենց արտասանած ճառերից հետո իրավունք ունեն այդ ճառերում ասվածի առթիվ ևս մեկական անգամ ելույթ ունենալ ռեպլիկի կարգով: Վերջին ռեպլիկի իրավունքը միշտ պատկանում է պաշտպանին և ամբաստանյալին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել