Ս.թ. հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը, առանց համապատասխան թույլտվության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 108/10 հասցեում՝ փողոցին հարող շուրջ 200 մետր երկարությամբ տարածքում քանդվել են սիզամարգն ու եզրաքարերը: Դրան անմիջապես հաջորդել է տարածքի խճալցումն ու ասֆալտապատումը: Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Իրավապահ մարմինների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցության արդյունքում արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին, հայտնաբերվել է ապօրինի ասֆալտապատում իրականացրած քաղաքացին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում օրինախախտը պարտավորվել է ասֆալտապատված սիզամարգը սեփական միջոցներով բերել նախկին տեսքի և մասնագետների հետ խորհրդակցելով, դարձյալ սեփական միջոցների հաշվին, կարճ ժամկետում վերականգնել կանաչ գոտին:
Բացի այդ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության:
Այժմ արդեն ընթանում են սիզամարգից ասֆալտի և խճի հեռացման աշխատանքները: