Կրթությունն արտասահմանում

Կրթությունը յուրաքանչյուր երկրի բարեկեցության և զարգացման հիմնաքարն է. միայն կրթված քաղաքացիները կարող են կերտել սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն և ղեկավարել այն:

Լավ և որակյալ մասնագետ և հասարակության համար պիտանի մարդ դառնալու համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն տեսական գիտելիքների ձեռք բերումը, այլև գործնականում դրանց կիրառումը, ոչ միայն սեփական երկրի, այլև այլ երկրների հարուստ փորձի և գիտելիքների օգտագործումը սեփական երկրի բարեկեցիկ ապագան կերտելու հարցում:

Այս առումով առանձնակի կարևորություն է ձեռք բերում կրթության բնագավառում միջազգային համագործակցությունը:

Իսկ ինչ է այն իրենից ներկայացնում:

Կրթության մասին ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Ուսումնական հաստատություններն իրավունք ունեն համագործակցել օտարերկրյա ուսումնական, գիտական եւ այլ կազմակերպությունների հետ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

«Կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է այլ երկրների հետ կրթական համատեղ ծրագրերի միջոցով, նշված համագործակցությունը կարող է լինել միջպետական կամ միջբուհական: Յուրաքանչյուր երկրի հետ կնքված համագործակցության ծրագիրը տարբերվում է իր պայմաններով, արտոնություններով` կախված տվյալ երկրի` կրթության ոլորտում վարած քաղաքականությունից: Հայաստանի Հանրապետությունը նման համագործակցության ծրագրեր է կնքվել մի շարք երկրների հետ, որոնցից են Ռուսաստանը, Լեհաստանը, Չինաստանը և այլն: Նշված երկրներում ուսանելու համար հայազգի ուղանողները պետք է մասնակցեն համապատասխան մրցույթին և հաղթող ճանաչվեն: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա այն ևս տարբեր երկրներում տարբեր կերպ է կարգավորվում. Չինաստանում, օրինակ, և կրթությունը և բնակության վայրն ու կեցության համար անհրաժեշտ պայմաններն անվճար են, իսկ Լեհաստանում կրթությունն անվճար է, սակայն ուսանողը պետք է ինքնուրույն հոգա իր կեցության հարցերը: Մեկ կարևոր պայման ևս. միջպետական ծրագրով արտասահմանում ուսանելու դեպքում հայ երիտասարդները մեխանիկորեն ստանում են տարեկետման իրավունք պարտադիր զինվորական ծառայությունից»,- Իրավաբան.net-ին հայտնում է ՀՀ Կրթության և Գիտության նախարարության աշխատակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել