Տեխասյան պոկերի «իրավական կարգավորումը»

Այս անգամ կխոսենք Տեխասյան պոկերի մասին, որի կանոնները նշված են ստորև: 

Եվ այսպես` խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` յուրաքանչյուր 4 երանգներում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:

«Տեխասյան պոկեր» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, բոլոր խաղացողները` մեկը մյուսի դեմ:

Տեխասյան պոկեր խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղացողները խաղասեղանին դնում են սկզբնական խաղագումարները մինչև խաղարկողի «Խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:

Խաղն սկսվում է պարտադիր խաղադրումից, որից հետո խաղարկողն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է 2-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ):

Այնուհետև, սեղանի կենտրոնական մասում դրվում է 5 խաղաթուղթ` փակ վիճակում: Դրանք ընդհանուր խաղաթղթեր են բոլոր խաղացողների համար: Յուրաքանչյուր խաղացող կարող է օգտվել խաղաթուղթ գնելու առավելությունից: Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերին: Մինչև սեղանի մեջտեղում դրված 5 խաղաթղթերը բացելը, խաղացողները (խաղարկողի կողմից ձախից աջ) կատարում են առուվաճառք` դնում են խաղագումարներ կազմակերպչի սահմանած մինիմալ և մաքսիմալ խաղագումարների միջակայքում, ընդ որում, յուրաքանչյուր խաղացողի կատարած խաղագումարը չի կարող ցածր լինել նախորդ խաղացողի կատարած խաղագումարից: Այնուհետև, սկզբում խաղարկողը խաղասեղանի մեջտեղում դրված 5 խաղաթղթերից բացում է երեքը` 1-ին փուլ, որից հետո խաղացողները նույնպես կատարում են առուվաճառք և խաղարկողը բացում է չորրորդ խաղաթուղթը` 2-րդ փուլ: 2-րդ փուլից հետո խաղացողները ևս կատարում են առուվաճառք և խաղարկողը բացում է վերջին` հինգերորդ խաղաթուղթը` 3-րդ փուլ: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո խաղացողը (խաղացողները) ընդունում է ստորև բերված 1-ին, 2-րդ կամ 3-րդ որոշումը: Այնուհետև խաղացողն իր ձեռքում գտնվող 2 փակ խաղաթղթերով և սեղանին բացված խաղաթղթերով կազմում է 5 խաղաթղթից բաղկացած լավագույն համակցությունն ու որոշում դրանց արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի մյուս խաղացողի (կամ խաղացողների) խաղաթղթերի հետ, ում խաղաթղթերն ավելի բարձր որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.

NN ը/կ Խաղաթղթերի համակցումը
1. Մեկ նույնատիպ զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր
2. 2 զույգ
3. 3 նույնատիպ (թրիս)
4. Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ)
5. Ցանկացած 5 նույներանգ (ֆլաշ)
6. 1 զույգ և 3 նույնատիպ (ֆուլ հաուզ)
7. 4 նույնատիպ (քառե)
8. Նույներանգ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ)
9. Նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ)

Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:

2. Շարունակել խաղը` հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը խաղասեղանին սկզբնական կոնի չափով խաղադրում է կատարում և շարունակում խաղը:

3. Շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողը չի կատարում սեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերի բացման համար խաղադրումներ, սակայն շարունակում է խաղը:

Երբ բոլոր խաղադրումները կատարված են, խաղացողները բացում են իրենց խաղաթղթերը և խաղաթղթերի համակցությունները համեմատվում են, ընդ որում, յուրաքանչյուր խաղացող կարող է համակցություն կազմել միայն այն բաց խաղաթղթերի հետ, որոնց առուվաճառքին ինքը մասնակցել է: Ամենամեծ համակցություն ունեցող խաղացողը վերցնում է բանկը: Եթե խաղացողների խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա խաղացողները համաձայնության դեպքում կարող են կիսել բանկի գումարը, հակառակ դեպքում այդ խաղացողները խաղը վերսկսում են նորից` ձեռք չտալով բանկի գումարին:

Խաղին միանգամից կարող է մասնակցել 7 խաղացող:

Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը:

Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում, խաղացողներին վերադարձվում է իրենց կողմից դրված խաղագումարները, և խաղն սկսվում է նորից:

Խաղացողները պետք է ամբողջ խաղի ընթացքում իրենց խաղաթղթերը պահեն խաղարկողի տեսադաշտում: Իր խաղաթղթերը դիտելուց և վերը նշված N 1 որոշումն ընդունելուց հետո խաղաթղթերը երեսով ներքև դնելուց հետո խաղացողն այլևս իրավունք չունի դրանց ձեռք տալու: Կազմակերպիչը պարտավոր է խաղասեղանին դնել ցուցանակ, որի վրա պետք է նշվի խաղի անվանումը: Խաղարկողը խաղի կարգի վերաբերյալ պարտավոր է պատասխանել խաղացողների հարցերին: Կազմակերպիչն իրավունք ունի սույն կանոնների խախտմամբ խաղացողներին դուրս հրավիրելու խաղասրահից:

Կազմակերպիչը կարող է սահմանել իր կողմից տրամադրված ծառայությունների (խաղասեղան, խաղավար) համար վարձ, որը կարող է լինել ժամային կամ տոկոսային: Ժամային վարձը այն գումարն է, որը խաղացողները պարտավոր են վճարել յուրաքանչյուր ժամ խաղասեղանին խաղալու համար: Տոկոսային վարձը խաղարկվող բանկի այն տոկոսն է` արտահայտված գումարով, որը կազմակերպիչը գանձում է յուրաքանչյուր խաղարկված բանկից: Յուրաքանչյուր խաղարկված բանկից գանձվող տոկոսը չի կարող գերազանցել տվյալ խաղարկվող բանկի 5 տոկոսը:

Հիշենք, որ պոկերը ընդամենը խաղ է, պետք չէ այն գերագնահատել և չարաշահել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել