Ի՞նչ պետք է բովանդակի բարձրաստիճան պաշտոնյայի եկամուտների հայտարարագիրը

Բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի եկամուտների հայտարարագրում ընդգրկվում են հարկային տարում ստացած եկամուտները և դրանց ստացման աղբյուրները։

Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է ստորև սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը։

Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը և (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում եկամուտները հայտարարագրվում են առանց այդ գումարների: Սույն կանոնը չի տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա։

Հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.

1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.

2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.

3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.

4) շահաբաժինները.

5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).

6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).

7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի,ծառայության տեսքով ստացված).

8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).

9) ապահովագրական հատուցումները.

10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց (այդ թվում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը.

12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.

13) միանվագ վճարները.

14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը։

Հայտարարագրման ենթակա են նաև վերը չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները։

Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվեն՝

1) եկամտի տեսակը.

2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն.

3) եկամտի չափը (գումարը).

4) եկամտի արժույթը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել