Անձինք ազատ են կատարել այն, ինչ արգելված չէ օրենքով կամ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում օրենսդրական այլ ակտերով, եթե դրա հետևանքով չեն խախտվի այլոց իրավունքները, ազատությունները, պատիվն ու բարի համբավը:
Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:
Պարտականությունների կատարման կարգը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:
Անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափով:
Անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները:
Անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջների խախտման համար:
Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Իրավական ակտի նորմերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, գործում են ուղղակիորեն և ենթակա են կատարման` անկախ այն հանգամանքից, թե դրանց հիման վրա կամ ի կատարումն դրանց ընդունվել են իրավական այլ ակտեր, թե ոչ: