22-ամյա Նարինե Հակոբյանը ամուսնու` Հակոբի հետ ծանոթացել էր, երբ ընդամենը 18 տարեկան էր, իսկ ամիսներ անց ծնվել էր նրանց որդին: Սակայն շատ շուտով Նարինեն հասկացել էր, որ ամուսնու համար իր հետ բնակվելու միակ պատճառը իր կողմից ընտանիքին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն էր, մինչդեռ իր հանդեպ ոչ ամուսնու և ոչ էլ ընտանիքի մյուս անդամների կողմից որևէ հոգատարություն չէր ցուցաբերվում անգամ այն ժամանակ, երբ դեռ հղի էր: Ոչինչ չփոխվեց նաև երեխայի լույս աշխարհ գալուց հետո:
Բնակվում էին իրենց եռամյա որդու, ամուսնու և վերջինիս ծնողների հետ: Նարինեին ստիպում էին աշխատել, պարբերաբար ծեծում և վատ էին վերաբերվում, իսկ երեխային թույլ չէին տալիս անգամ մոր հետ լիարժեք շփվել: Նա նույնիսկ անձնագիր չուներ, քանի որ ամուսնու ընտանիքը իրեն թույլ չէր տալիս հաշվառվել իրենց տան հասցեով: Նարինեն խուսափում էր վերադառնալ իր ծնողների տուն, վախենալով, որ իր պատճառով ծնողները կընկնեն ամոթալի դրության մեջ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հայտնվելով անելանելի վիճակում Նարինեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ անգամ չէ, որ բռնության ենթարկված կանայք Պաշտպանի միջամտությամբ ապաստան են գտել Լայթ Հաուս բարեգործական կազմակերպությունում և հնարավորություն ստացել կրկին վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
Այժմ Նարինեն ևս իր որդու հետ բնակվում է Լայթ Հաուսում, հաճախում մատնահարդարման, համակարգչային և կարուձևի ուսուցման դասընթացների, ինչպես նաև հոգեբանի հետ աշխատանքների շնորհիվ փորձում է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն:
Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկելու է նաև բոլոր հնարավոր միջոցները կնոջ անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու համար:
Կնոջ անուն-ազգանունը փոխված է: