Ֆոնդի կառավարման պայմանագրով մեկ կողմը (ֆոնդի մասնակիցը) մյուս կողմի (ֆոնդի կառավարչի) հրապարակած ֆոնդի կանոնների համաձայն` դրամական միջոցներ է տրամադրում նրան, իսկ մյուս կողմը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց միավորել այդ միջոցները համապատասխան ֆոնդի միջոցներին և կառավարել ֆոնդը օրենքին, այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան:
Ֆոնդը միասնական կանոնների ներքո միավորված և օրենքով նախատեսված իրավական ռեժիմով օժտված ակտիվների համախումբ է:
Օրենքին համապատասխան` ֆոնդը կարող է բաժանվել առանձին ակտիվների համախմբերի (ենթաֆոնդ), որոնք ունեն գործունեության միասնական կանոններ և միմյանցից տարբերվում են իրենց ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, իրենց ակտիվների արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ:
Ֆոնդում դրամական միջոցների ներդրմամբ դադարում է ֆոնդի մասնակցի սեփականության իրավունքն այդ միջոցների նկատմամբ, և նա ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ֆոնդի (ենթաֆոնդի) բոլոր ակտիվների նկատմամբ` իր ներդրմանը համապատասխան որոշվող բաժնեմասով: