Տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման կարգը

Տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե`

1. դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.
2. փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը.
3. դրանք ենթակա են հայտարարագրման` սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն.
4. դրանք հանդիսանում են «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխված ապրանքների վերամշակումից առաջացած թափոններ կամ մնացորդներ:

Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Տրանսպորտային միջոցները հայտարարագրվում են այն մաքսային մարմիններում, որոնցում իրականացվում է դրանց մաքսային ձևակերպումը:

Չբեռնված տրանսպորտային միջոցները և միայն ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցները մաքսային մարմիններում հայտարարագրվում են մաքսային սահմանը հատելիս, բացառությամբ օդային տրանսպորտային միջոցների, որոնք հայտարարագրվում են ժամանման վայրում` օդանավակայաններում:

Ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը և այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը`

ա) ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս` ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում.

բ) ապրանքները և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցները արտահանելիս` արտահանմանը նախորդող տասն օրվա ընթացքում:

Դատարկ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը ներկայացվում է`

ա) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս` ներմուծման պահից երեք ժամվա ընթացքում.

բ) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս` արտահանումից երեք ժամ առաջ:

Հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում տեղափոխողը կամ նրա լիազորած անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար oրենքով սահմանված տույժերից և վարչական պատասխանատվությունից ազատելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել