«Դուք Ձեր էմոցիաները այլևս չեք կարողանում զսպել»․ Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց Արմեն Գևորգյանի պաշտպանը լինելուց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը «նկատողություն» դատական սանկցիա կիրառեց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ՝ օգոստոսի 24-ի դատական նիստի ժամանակ առանց թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելու համար, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել է։

«Դատարանը հարկ է համարում արձանագրել մեկ օրինաչափություն, որը նկատել է պաշտպանության կողմի վարքագծում։ Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանը մեղադրողներին առաջարկում է հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, պաշտպանության կողմը փորձում է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, որը քննարկման առարկա չդարձնելու դեպքում լքում է դատական նիստերի դահլիճը»,-նշեց Աննա Դանիբեկյանը՝ հավելելով, որ այս գործողություններով պաշտպանները փորձում են արգելափակել իրենց համար ոչ ցանկալի գործողությունները։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ քիչ հետո հայտարարություն ունի անելու՝ այս գործով որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան հանդես գալու վերաբերյալ։

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ սա հերթական գործողությունն է կանխելու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը և պարզ է, թե ինչ գործողություն է նախապատրաստվում․ «Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ որոշեց, որ այլևս չի մասնակցելու սույն գործով վարույթին, խնդրում եմ դատարանին հնարավորություն տալ հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ առանց որևէ գործողություն կատարելու»։

Դատարանը մեղադրողի հայտարարությունը ընդունելի համարեց և նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունը չի լսի։

Ալեքսանյանը ամեն դեպքում ասաց, որ խնդրում է դադարեցնել որպես Արմեն Գևորգյանի պաշտպանի իր պարտականությունները, քանի որ իր և Աննա Դանիբեկյանի դատավարական հարաբերությունները չեն ստացվում․ «Դուք հակակրանք ունեք իմ նկատմամբ և դա զարմանալի չէ այնքանով, որքանով ես Ձեզ հետ իրավական վեճ ունեմ մինչ օրս զարգացվող։ Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է մի անձ մյուս անձին վերաբերվել բարիդրացիական, երբ ցանկանում է նրան ենթարկել քրեական պատասխանատվության։ Ես նման պայմաններում չեմ կարող շարունակել գործով Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դուք Ձեր էմոցիաները այլևս չեք կարողանում զսպել իմ դեպքում»։

Էրիկ Ալեքսանյանն առանց դատարանի թույլտվության լքեց դատական նիստերի դահլիճը։

Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում Ալեքսանյանը չի կարող շարունակել իր շահերի պաշտպանությունը և պետք է նոր պաշտպաններ ներգրավի։

Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ սա պլանավորված գործողություն էր և փորձ է արվում ձգձգել գործի քննությունը, շահել անհրաժեշտ ժամանակ։

Լրացված

Աննա Դանիբեկյանը հետաձգեց դատական նիստը, նոր նիստի օրը նշանակեց սեպտեմբերի 28-ը ժամը 13։00։ Այդ ընթացքում Արմեն Գևորգյանը պետք է ներգրավի նոր պաշտպան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել