«Եթե այդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսենք»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ հրապարակել է չամուսնացած, նախկինում չդատված Նարեկ Առաքելյանի վերաբերյալ դատավճիռը:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, նրան մեղադրանք է առաջադրվել և պարզվել ու հիմնավորվել է հետևյալը.

Նարեկ Առաքելյանն իր մոր` Կարինե Հարությունյանի և քրոջ` Աննա Առաքելյանի հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 2007թ. Նարեկը մեկնել է ՌԴ` արտագնա աշխատանքի, որտեղ գտնվելու ժամանակ քույրը` Աննան հեռախոսով ծանոթացել է ազատազրկման վայրում պատիժը կրող Արման Կիրակոսյանի հետ, իսկ 2007թ. հոկտեմբեր ամսին «Կոշ» ՔԿՀ-ում ամուսնացել է Արմանի հետ և վերցրել վերջինիս ազգանունը:

Ամուսնությունից հետո Արմանն ազատազրկման վայրից հաճախակի Աննայից գումարներ է պահանջել` սպառնալով, որ եթե գումարները ժամանակին չհասնեն ազատազրկման վայր, ապա իր կապերի միջոցով կվնասի ՌԴ-ում գտնվող եղբորը:

2011թ. օգոստոս ամսին Արմանն ազատվել է պատիժը կրելուց և սկսել է բնակվել Աննայի տանը: Նույն թվականի սեպտեմբեր ամսին Նարեկը վերադարձել է ՀՀ և միասին բնակվել են իրենց տանը: Համատեղ բնակվելու ընթացքում Արմանը հաճախակի տուն է եկել ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանություն է սարքել և ծեծի ենթարկել կնոջը: 17.09.2011թ. գիշերը հերթական անգամ Արմանը հարբած վիճակում տուն է եկել, շենքի մուտքում սկսել է հայհոյանքներ տալ և հարվածել դռանը` խանգարելով հարևանների հանգիստը: Այդ կապակցությամբ խուլիգանություն կատարելու համար Արմանի նկատմամբ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործը, հետագա քննության ընթացքում որոշում է կայացվել Արմանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն և հայտարարվել է հետախուզում:

Դրանից հետո, 2011թ. նոյեմբերի 2-ից Արմանը և Աննան սկսել են զբաղվել մրգի առք ու վաճառքով, այդ նպատակով ք.Աբովյանում վարձակալել են կրպակ:

05.11.2011թ. կրպակում Արմանը հերթական անգամ ծեծի է ենթարկել կնոջը` Աննային և վնասել աջ ձեռքի ցուցամատը` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Հաջորդ օրը` 06.11.2011թ.-ին, Արմանը կրկին գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, առևտրի կրպակում ծեծել է կնոջը, որի ընթացքում վերջինիս հաջողվել է փախչել կրպակից դեպի տան կողմ, սակայն Արմանը հետապնդել է, փողոցում բռնել է Աննային, գցել գետնին ու սկսել հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Աննային օգնության են հասել երկու անծանոթ տղաներ, որոնք էլ նրան ուղեկցել են մինչև շենքի բակ: Կատարվածից Աննան վախից միզել է տակը և օգնության եկած տղաների հեռախոսով զանգահարել է եղբորը` Նարեկին ու խնդրել է, որ շտապ իջնի շենքի բակ: Նարեկն իջել է շենքի բակ և քրոջը տեսնելով այդ վիճակում` խիստ զայրացել է և ասել, որ Արմանը պատասխան է տալու այդ ամենի համար, իսկ Աննան նրան ամբողջությամբ պատմել է իր նկատմամբ Արմանի կողմից դրսևորած վերաբերմունքի մասին: Այնուհետև, նրանք բարձրացել են տուն, որոշ ժամանակ անց տուն է եկել նաև Արմանը և շարունակել է ցինիկ տոնով խոսել նրանց հետ: Նարեկը փորձել է կարգի հրավիրել իր փեսային, սակայն Արմանն առաջարկել է դուրս գալ տանից` իրենց հարցերը լուծելու համար, որից հետո Նարեկը և Արմանը դուրս են եկել տանից:

Պարզաբանումներ կատարելու համար միասին իջել են բակ, որտեղ Արմանը Նարեկին ասել է. «Եթե այդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսենք»: Այդ ժամանակ Նարեկն ամբողջ մարմնով սկսել է դողալ, աչքի առաջ է եկել քույրը` ծեծված, նվաստացած, վախեցած և տակը միզած վիճակում, որից հետո գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով ժամը 23-00-ի սահմաններում միասին գնացել են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտ, որտեղ քայլելով մոտեցել են ջրատարին և շարունակել են վիճաբանությունը: Այդ ընթացքում Նարեկն իր գրպանում եղած դանակով Արմանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք` թոքահյուսվածքի վնասումով, որից հետո հրել և գցել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարը, իսկ 22.03.2012թ. Արմանի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում:

Ամբաստանյալ Նարեկ Առաքելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանին տված ցուցմունքով հայտնել է, որ Նոր Հաճն քաղաքի ջրատարի մոտ պարզաբանումներ կատարելու ժամանակ Արմանը կրկին սկսել է ցինիկ տոնով խոսել, հայհոյանքներ է տվել իր և ընտանիքի հասցեին և այդ ժամանակ դուրս է եկել հունից և չհասկանալով, թե իր հետ ինչ է կատարվում, գրպանից հանել է ծալովի դանակը և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Նարեկի կրծքավանդակի հատվածին, քրոջ ամուսինն ընկել է գետնին, դրանից հետո որոշ ժամանակ նստել է այնտեղ` չհասկանալով թե ինչ է կատարվում, երբ սթափվել է, տեսել է, որ հագուստները կեղտոտված են և փսխել է և անգամ ետ չի նայել և չի տեսել, թե Արմանն ինչ վիճակում է: Հասկանալով, թե ինչ է արել, նույն տաքսիով վերադարձել է տուն: Այդ մասին ոչ ոքի չի ասել, իսկ քրոջը ասել է, որ Արմանն իրեն այլևս չի անհանգստացնի:

22.03.2012թ. երբ իրեն և քրոջը հրավիրել են ոստիկանություն, հասկացել է որ ոստիկանները գտել են Արմանի դին: Նույն օրը երեկոյան իր մոտ եղած դանակը, որով հարվածել է քրոջ ամուսնուն, փաթաթել է թղթի մեջ, դրել պոլիեթիլենային տոպրակը և իրենց շենքի 8-րդ հարկի աղբատար խողովակով գցել է աղբանոցը:

Վկա Աննան դատարանին հայտնել է, որ երբ կես գիշերին` ժամը 12:00-ի սահմաններում, եղբայրը մենակ տուն է եկել և ասել, որ Արմանն այլս իրեն չի անհանգստացնի և այլևս ինքն ամուսին չունի:

Այդ լսելով հասկացել է, որ եղբայրը, կանխելով իրենց տան վիճաբանությունները, խոսել է Արմանի հետ և նա այլևս իրենց հետ չպետք է բնակվի և քանի որ Արմանն այդ ժամանակ եղել է հետախուզման մեջ, կարծել է, որ նա մեկնել է ՌԴ:

Դրանից հետո երկար ժամանակ Արմանից տեղեկություններ չեն ունեցել՝ կարծելով, որ նա հասկացել է և չի վերադառնա, միայն մեկ անգամ իրեն է զանգահարել Արմանի քույրը, հետաքրքրվել Արմանի գտնվելու վայրի մասին, ինչին ինքը պատասխանել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում:

Այնուհետև իրեն կանչել են ոստիկանություն, որտեղ տեղեկացել է, որ Արմանի դիակը գտել են ջրամբարից և իր եղբայրը՝ Նարեկը, դանակի հարվածներ է հասցրել Արմանին, սակայն, տեղյակ չէ, թե եղբայրը դանակի հարվածներ հասցնելուց հետո գցել է ջուրը, թե ոչ:

Դատահոգեբանական փորձաքննությամբ հաստատվել է, որ դեպքի օրը Նարեկը գտնվել է հուզական գրգռված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի և գիտակցության վրա՝ նվազեցնելով նրա գործողությունների բովանդակությունը կառավարելու և դրանց հետևանքները կանխելու ունակությունը: Նշված հետևությունը փորձագետ Մ.Պետրոսյանը պնդեց նաև դատաքննության ընթացքում:

Այսինքն, թվարկված, ինչպես նաև դատաքննության ընթացքում հետազոտված մյուս ապացույցների վերլուծության, դրանք միմյանց համադրելով և իրենց համակցությամբ գնահատելով, դատարանը հանգել է այն հետևության, որ դրանք անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալ Նարեկին պետք է մեղադրանք առաջադրվի այն բանում, որ նա իր ընտանիքի անդամների նկատմամբ տուժող Արմանի կողմից տևական ժամանակ` շուրջ 4 տարի, գործադրած սպառնալիքների, բռնությունների, ծանր վիրավորանքի, պարբերաբար դրսևորած հակաիրավական և հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանել է նրան:

05.04.2013թ.-ի դատական նիստին, դատաքննության ավարտին, մինչև դատական վիճաբանություններին անցնելը, մեղադրող` Կոտայքի մարզի դատախազի տեղակալ` Ա.Սարգսյանը ներկայացրել է որոշում՝ առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին, որով հայտնել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների վերլուծության արդյունքում գտնում է, որ Նարեկ Առաքելյանին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխել և նրան նոր մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

Նարեկին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և նշանակել պատիժ ` ազատազրկման 4 տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ ՔԿՀ համապատասխան հիմնարկում:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել