Անդրանիկի վիրահատությունը քիչ առաջ ավարտվեց․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիների կողմից զինված հարձակման հետևանքով վիրավորում ստացած 5 զինծառայողներից մեկը քեռորդուս որդին է՝ Անդրանիկ Ալեքսանյանը։

Այս լուսավոր տղան մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և թշնամու 4 տանկ խոցելու համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել «Արիության» մեդալով։

Անդրանիկի վիրահատությունը քիչ առաջ ավարտվեց և փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Իմ ունեցած հավաստի տեղեկություններով մեր մարտական դիրքի բոլոր տղաները կռվել են արիաբար ու արժանի հակահարված տվել թշնամուն։

Շուտափույթ առողջություն եմ ցանկանում բոլոր վիրավոր զինծառայողներին, և Աստված պահապան Հայոց բանակի բոլոր զինվորներին․․․»,-նշել է նա։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել