Ե՞րբ կարող է թիկնապահը կիրառել ֆիզիկական ուժ կամ զենք

Իր պարտականությունները կատարելիս պահնորդը (թիկնապահը) ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելու իրավունք ունի միայն անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, ինչպես նաև ոտնձգություն կատարած անձին վնասազերծելիս` օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Պահնորդները (թիկնապահները) ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով պարտավոր են պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս պահնորդը (թիկնապահը) առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից և ոտնձգության բնույթից՝ ղեկավարվելով պահպանվող օբյեկտի կամ պահպանվող անձի պաշտպանությունը առավել հուսալի և անվտանգ եղանակով իրականացնելու անհրաժեշտությամբ:

Պահնորդը (թիկնապահը) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով իր օրինական պահանջները կատարելու և ոտնձգությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում պահպանվող անձի կամ իր կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

Պահնորդը (թիկնապահը) պարտավոր է նաև`
1) ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որ ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
2) անհապաղ ապահովել (ցուցաբերել) առաջին բուժօգնություն այն անձանց, որոնց առողջությանը պատճառվել է վնաս.
3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել իր ղեկավարին:

Օրենքով չնախատեսված դեպքերում կամ սահմանների անցումով թիկնապահի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել