Ինչպե՞ս է կազմակերպվում հանրային հավաքը

Հանրային է հավաք չհամարվող այն միջոցառումը (տոնակատարություններ, մշակութային և մարզական միջոցառումներ և այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:

Ծիսակատարությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է համայնքի ղեկավարի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով:

Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու երեք հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել համայնքի ղեկավարին:

Տեղեկացումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
1) հանրային միջոցառման վայրը,
2) հանրային միջոցառման սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,
3) մասնակիցների սպասվող թիվը,
4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները,
5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը և առկայության դեպքում` հեռախոսահամարները:

Համայնքի ղեկավարը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումը ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել