Սորոսական կազմակերպությունների գործունեության առջև արգելք է դրվելու․ Ռոբերտ Քոչարյան

Բերդում «Հայաստան» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Ջերմոլիո» բարեգործական ասոցիացիայի նախագահ շվեյցարահայ Թերեզա Մխիթարյանը հարց հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով․

«Ուզում եմ ասել, որ հիմա, երբ պիտի ընտրեմ, մարդ չեմ ընտրելու, ես ընտրելու եմ այն ճանապարհը, որ կոնկրետ կուսակցություն տանելու է Հայաստանը։ Այսինքն՝ իմ մոտ մարդապաշտություն չկա՝ պողոսական, պետրոսական։ Կարևորը մարդը չի։ Կարևորը այն է, թե 3 տարի հետո զարթնեմ, ի՞նչ Հայաստանում եմ զարթնելու։

Ինձ համար 2 հարց կա։ Առաջինը՝ Փաշինյանի իշխանությունը երբ որ եկավ, ես էլ էի իրենց մի 2 շաբաթ հավանում, ընկել էի կախարդանքի տակ։ Հետո, հենց որ տեսա՝ մեր եկեղեցուն նեղացնում են, միանգամից կարմիր լույսը վառվեց, ասի՝ սրանց մեջ մի բան այն չի։

Դու չես կարող գալ մի երկիր, որտեղ այդքան պրոբլեմներ կան ու ասես՝ եկեղեցու պատմության դասերը հանում եմ։ Էլ պրոբլեմ չունե՞ս։ Հետո ասացին՝ կանեփ ենք աճացնելու, գեյպառադ ենք անցկացնելու, տրանսգենդեր են բերում, սեռական դաստիարակություն են անում, ապուշ կոնվենցիաներ են անցկացնում։ Կանեփի տեղը ծիրանի ծառեր տնկեք։

Ինձ համար դա կարմիր գիծն է, որը ինձ ու իմ շրջապատին կխանգարի հայ մնալ։ Իրենք ինչի՞ են ուզում այդպես անել։ Դպրոցական դասագրքերը փոխում են, հայոց լեզուն հանում են, Զատիկին հաջորդող Սուրբ երկուշաբթին հանեցին։ Հիմա ամենակարևոր հարցը, որ ինձ հուզում է, ի՞նչ եք անելու, ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի մենք վերականգնենք, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին չհավասարվի Եհովայի վկաների հետ, որովհետև չենք կարող հավասարվել։

Որովհետև մեր Մեսրոպ Մաշտոցը, Խորենացին, Կոմիտասը, Թումանյանը, մենք պետք է ասենք, որ իրենք են կարևորը։ Դուք էլ եղեք, բայց իրենք են կարևորը։ Ի՞նչ եք անելու, որ մենք այս կոնվենցիաներից, այս նոր օրենքներից, որ իրենք մտցրին։ Ի՞նչ եք անելու։ Սա առաջին հարցը։ Այսինքն՝ ես ուզում եմ, որ մենք հայ մնանք, չեմ ուզում, որ գլոբալիզացիայի տակ մտնենք։

Դրա հետ մեկտեղ, ինձ շատ հետաքրքիր է՝ ինչ եք անելու բոլոր սորոսական օֆիսների ու լրատվամիջոցների հետ։ Օրինակ՝ բոլոր են մարդկանց, ովքեր պատվերներ են ստանում ու մեր բանակի մասին հարյուրավոր վատ հոդվածներ են գրում։ Էդ մարդկանց հետ ի՞նչ է լինելու»։

Ի պատասխան այս հարցի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․

«Այն, ինչ արվել է այս 3 տարվա ընթացքում հոգևոր արժեքները թուլացնելու առումով, ամբողջը շատ արագ վերանայվելու է, դժվար չի լինելու։ Մի քիչ գուցե ժամանակ է ուզելու հրապարակված գրքերում փոփոխություններ մտցնել, բայց անելու ենք շատ արագ։

Հենց իշխանության են եկել, միանգամից պատմությունը փոխել են, սենց բան չի լինում։ Գոնե մի քիչ սպասի, տես՝ ձեր արածը, պատմությունն ընդունվու՞մ է, չի՞ ընդունվում։ Մի դրական բան չարած՝ ո՞նց եք արդեն դասագրքերում ներկայացնում 2018 թվականի իրադարձությունները որպես չգիտեմինչ և պախառակում բոլոր նրանց, ովքեր մինչև այդ այս երկրի համար պատասխանատություն էին կրում։ Մեծամտությունն այդ աստիճանի է հասել։ Մեծամտությունը գալիս է տգիտությունից»։

Ռոբերտ Քոչարյանը նաև խոսեց իր ու եկեղեցու հարաբերությունների մասին։

«Եկեղեցու հետ, Վեհափառ հայրապետի հետ պարբերաբար, ռեժիմային հանդիպումներ ենք ունեցել միշտ, և բոլոր հարցերը շատ արագ լուծում էի՝ կապված եկեղեցու հետ։ Ուղղակի այլ բնույթ էին կրում մեր հարաբերությունները, շատ գործնական։

Սա մի գործոն է, որ ազգային ինքնության հենասյուներից մեկն է և այդ հենասյունը քանդել, հետը ինչ-որ բաներ անել ուղղակի անթույլատրելի է այս տարածաշրջանում հատկապես»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով սորոսական կազմակերպություններին վերաբերող հարցին՝ Քոչարյանն ասաց․

«Սորոսական գրասենյակների հետ կապված, պետք է օրենքով կարգավորենք։ Ուղղակի կան օրենքներ նաև արևմտյան երկրներում, որոնք շատ խիստ արգելում են դրսի ֆինանսավորում՝ նման հարցերով զբաղվելու պարագայում։

Մենք ուղղակի օրենսդրական դաշտն ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։

Երկու մոդել կա՝ մեկն արգելում ես, մյուսը՝ իրենք պիտի ընդունեն, որ գործակալ են օտարերկրյա։ Եվ եթե որպես օտարերկրյա գործակալ այդ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, մեր վերահսկողության տակ կհայտնվեն։

Սա է մոդելն այլ երկրներում, որ այսօր կիրառվում է։ Նոր բան հորինել պետք էլ չի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել