Ովքե՞ր են հանդիսանում բանկի ղեկավարներ

Բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները:

Բանկի ղեկավար չեն կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.
բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.
դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշերին.
ե) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը` որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
զ) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

Կենտրոնական բանկը սահմանել է բանկի ղեկավարների որակավորման կարգ և մասնագիտական համապատասխանության չափանիշներ:

Բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ բանկի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ եթե տվյալ բանկը և այլ բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում են միմյանց հետ փոխկապակցված անձինք:

Բանկի գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միաժամանակ լինել այլ բանկի գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, տնօրինության անդամ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կամ անդամներ:

Բանկի գործադիր մարմնի անդամները բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, կարող են կատարել վճարովի այլ աշխատանք միայն բանկի խորհրդի համաձայնությամբ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել