«Նույնիսկ Արա Այվազյանն է ասել, որ այս իշխանությունները Հայաստանի շահերին դեմ են գնում, դուք հասկանո՞ւմ եք դա ինչ ազդակ է: Չափազանց վատ է, որ մենք նման դրության մեջ ենք հիմա հայտնվել»,-այս մասին այսօր՝ մայիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նա ասաց, որ որպես դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը մեկնաբանում է այսպես՝ ՀՀ 2-րդ նախագահ, ԼՂՀ 1-ին նախագահ, նախագահ, որը ազատագրել է հողեր, չպետք է բանավեճի մեջ գտնվի մի անձի հետ, որը հողեր հանձնող է:
«Նրան, իր իսկ նշանակած նախարարն ասում է, որ նա հաշվի չի առնում ՀՀ-ի շահերը: Նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարմարություն չեմ տեսնում»,-նշեց նա:
Լուրերին, թե «Հայաստան» դաշինքը ընտրակաշառք է բաժանում, Վարդևանյանը արձագանքեց, որ նման լուրեր տարածողները և «Հայաստան» դաշինքի անունից ընտրակաշառք խոստացողները սադրիչներ են: