Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակագում մեկ հարց է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախաձեռնությունը, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց․

«Տեղյակ եք արդեն, որ մայիսի լույս 12-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանուներ ներկայացնող մի շարք խմբեր հատել են ՀՀ ահմանը և փորձել են դիրքավորվել ՀՀ տարածքում։ ՀՀ ԶՈւ-երը մարտավարական կանխարգելիչ գործողություններ են իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին տարբեր խորությունների վրա։ Ես արդեն հայտարարել եմ, որ, օրինակ, Սև լճի տեղանքում ադրբեջանցիների հաջողվել է մինչև 3,5 կմ առաջանալ։ Առաջին գործողությունը, որը արվել է կառավարության, ՊՆ-ի, Անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության կողմից, իրադրության գնահատումն է, թե որն է իրականում նպատակը ադրբեջանցիների այդտեղ հայտնվելու։

Եվ այս իրադրության գնահատումից է կապված մեր գործողությունների հետագա ողջ ընթաքը։ Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում։ Այսինքն՝ սա լոկալ ակցիա չէ մի բլուրի, մի լեռան կամ ինչ-որ կոորդինատի վերաբերյալ։ Եվ սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան։

Առաջինը՝ տվյալ տեղանքում, և դուք գիտեք, էլի մի քանի տեղանքում նմանօրինակ ավելի փոքր մասշտաբի գործողություններ են իրականացվել, այդ տեղանքներում իրենց գտնվելը Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով։ Այսինքն՝ այդ տարածքները փորձելով ներկայացնել իբրև ադրբեջանական։ ես արդեն նշել եմ, որ խորհրդային միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները։ Այսինքն՝ իրենք գիտեն, որ Ադրբեջանի տարածքու չեն գտնվում։

Կարևոր է արձանագրել, որ սադրանքների առաջին օրը Ադրբեջանը հայտարարեց 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ։ Սա չէր կարող զուտ պատահականություն լինել։ Ըստ էության՝ 15 հազար զորք դուրս է բերվում մշտական տեղակայման վայրերից։

Հաջորդը՝ դեռևս ապրիլի վերջերին Ադրբեջանի նախագահը ՀՀ ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջան և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում, Զանգեզուրի միջանցքի տեսքով։ Եվ հաջորդ կարևորագույն փաստարկը, եթե մենք ուշադիր նայենք քարտեզին, մենք կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ ՀՀ արևելյան և արևմտյան սահմանների միջև հեռավորությունը ամենաքիչն է բոլոր տեղանքներից։ Եվ սա նույնպես կարևոր արձամագրում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել