Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ խորհրդարանի նախատեսվող լուծարումը, արտահերթ ընտրությունների անցկացումը աննախադեպ քայլ է Հայաստանում, որով իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը:

Նա նշեց, որ կես ժամ հետո պատգամավորները կատարելու են մի գործողություն, որից հետո ԱԺ-ն արձակվելու է:

«Իհարկե, հետո ԱԺ-ն իր լիազորությունները շարունակելու է որոշ ժամանակ, աշխատելու է մինչև հաջորդ խորհրդարանի ձևավորումը, բայց սա շատ կարևոր և Հայաստանում երևի աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատն ու վերստանալ հասարակության վստահության քվեն․․․Բաներ կան, որ իշխանությունը արել է, բաներ կա, որ չի արել, բաներ կա, որ սխալ է արել, դանդաղ են արել: Ես ներողություն եմ խնդրում հայրենակիցներից՝ իշխանության սխալ արածների, չհասցրածների, տեմպի համար: Երևի պետք է մի քիչ ավելի արագ լինեինք: Այս ամենը փաստ է, որը ոչ մեկը չի հերքի, բայց փաստ է նաև այն հանգամանքը, որ մենք այստեղ եկել ենք աշխատելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այստեղ ոչ մեկը չի եկել, որ իր բիզնեսի համար հարմար տանիք ապահովի, կապեր ստեղծի: Մարդիկ այստեղ բոլորն աշխատում են՝ իրենց ոլորտում կամ իրենց հետ առնչվող ոլորտներում որևէ քայլ առաջ կատարել, որ մենք ունենանք այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք »,-ասաց Թունյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: Մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն չի ընտրվել ՀՀ վարչապետ, եթե այսօր էլ ընտրությունը չկայանա, խորհրդարանն իրավունքի ուժով կցրվի:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել