Ի՞նչ կենսագրություն ունի Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու, նախկին ՀՀԿ-ական Գեղամ Հովեյանը

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 7-ին, քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը:

Նա իր ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ իր թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրելու համար: Նա ասաց, որ հանդիպել է խմբակցությունների և Ազգային ժողովի պատգամավորների հետ. «Ունեցել եմ հանգամանալից և անկեղծ քննարկումներ, այդ հանդիպումներն ինձ մոտ ձևավորել են համոզմունք, որ մենք միասին կարող ենք հաղթահարել այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև՝ պետական բյուջեի արդյունավետ հաշվեքննություն իրականացնելու համար»,-նշեց նա:

Գեղամ Հովեյանի խոսքով՝ խոշորացված համայնքների ձևավորումը, կենտրոնական իշխանության կողմից բազմաթիվ պատվիրված լիազորությունները սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանքների իրականացումը, մարզերում պահանջում են նոր տեսակի հաշվեքննության իրականացում:

«Դա թույլ կտա թե՛ Ազգային ժողովին, թե՛ կառավարությանը գնահատել ֆինանսական հատկացումների նպատակային օգտագործումը համայնքների կողմից գույքահարկի և հողի հարկի հավաքագրումների կազմակերպման ընթացքը և թերությունները»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը հավանություն է տվել Հովեյանի թեկնածությանը:

Կարեն Գրիգորյանը ներկայացրեց, թե երբ, որտեղ է ծնվել Հովեյանը, որտեղ է սովորել, աշխատել։ Նշենք, որ Հովեյանը Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։

Հարկ է նշել նաև, որ Կարեն Գրիգորյանը Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացնելիս բաց թողեց այն հանգամանքը, որ Հովեյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել (149 համար)։ Գեղամ Հովեյանը բացի համամասնական ցուցակից Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակագով է առաջադրված եղել։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել