Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց․ Արա Այվազյան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես են գալիս համատեղ ասուլիսով։

Բացման խոսքում Այվազյանը նշեց, որ անդրադարձել է կատարվել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործընկերության առնչվող հարցերին: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծվեց միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում:

«Տեսանելի է նաև ակտիվ փոխգործակցությունը նախարարությունների և գերատեսչությունների միջև: Ակնկալում ենք, որ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով նախատեսված նիստերի արդյունքով կձեռնարկվեն հստակ համատեղ քայլեր՝ ուղղված համագործակցության դրական բարելավմանը, ապրանքաշրջանառության աճին և փոխգործակցության հետագա ընդլայնմանը»,-նշել է նա:

Նախարարի պաշտոնակատարը նշեց նաև, որ մանրամասն քննարկվել է այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ ուղղված ադրբեջանաթուրքական ագրեսիայի դադարեցմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունը հսկայական դեր է խաղացել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում:

«Մենք բարձր ենք գնահատում պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերը, որոնցում խիստ արդիական է մնում ռազմագերիների վերադարձի հարցը: Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձումը: Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների դադարումից գրեթե կես տարի անց, Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է Հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում է վերադարձնել բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակով գտնվող քաղաքացիական անձանց: Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրի միջազգային հանրության մոտեցումները, մեր հարևան երկրին ուղղված կոչերը՝ կատարելու իր պարտավորությունները»,-նշել է նա:

Այվազյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց:

«Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել արդյունքի, որը կպահպանի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս: Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը: Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդի մանդատով օժտված այդ ձևաչափով համագործակցության ամրապնդմանն ու ակտիվացման մեջ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել