ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քննարկում

Այսօր մեկնարկեց ՀՀ արդարադատության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի շուրջ երկօրյա քննարկման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանը և քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանն ուղղված քայլերի շարքում կարևորագույններից է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի բարեփոխումը, որը կարգավորելու է մասնավոր իրավահարաբերությունները ժամանակակից մոտեցումներին համապատասխան:

Ինչպես իր բացման խոսքում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը Հայաստանի Հանրապետության գործող քաղաքացիական օրենսգիրքը, որն ընդունվել է 1998թ. ԱՊՀ մոդելային օրենսգրքի հիման վրա, անկասկած, կարևոր քայլ էր նորանկախ պետության կողմից շուկայական տնտեսական հա­րա­բերությունների անցման, մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ճանապարհին: «Սակայն օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական և իրավական կյանքում տեղի ունեցան էական փո­փո­խություններ»,- փաստեց նախարարի պաշտոնակատարն ընդգծելով, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների զարգացումն էլ հանգեցրեց օրենսգիրքը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությանը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարևորագույն իրավական ակտերից է, որի հետ կապված ցանկացած բարեփոխում չափազանց մեծ շրջահայացություն է պահանջում: Այստեղ սխալները անթույլատրելի են և ճակատագրական: Դրանով է մեծապես պայմանավորված նաև այն հանգամանքը, որ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում նախատեսված գործողության իրականացումը մենք սկսում ենք այս կլոր սեղան քննարկումից՝ ակնկալելով քաղաքացիական իրավունքի ոլորտում իրավաբան-տեսաբանների և պրակտիկ մասնագետների փորձառության միջոցով բացահայտել այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանան բարեփոխումները»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Քննարկման մասնակիցների առջև դրված կարևոր խնդիրներից մեկն էլ օրենսգրքի բարեփոխման հիմնական ուղղությունները բացահայտելն ու դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել է: «Բարեփոխումն ինքնանպատակ չէ, քանի որ գործ ունենք մի փաստաթղթի հետ, որը տարիների փորձարկում է անցել, ուստի արմատական փոփոխություններ կատարելուց առաջ անհրաժեշտ է խորապես կշռադատել դրանց նպատակահարմարությունը, իրավակիրառ խնդիրները, ինչպես նաև փոփոխությունների արդյունքում բազմաթիվ այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Բացման խոսքով հանդես եկան նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ GmbH) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի տեղակալ Քրիստոֆ Բրոյնիգը:

Ներկայացվեցին նաև Հայաստանի և Գերմանիայի Դաշնային հանրապետության իրավաբանների, փաստաբանական պալատի փորձագիտական կարծիքները:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների տեսաբան-գիտնականներ, փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, միջազգային կազմակերպությունների, փաստաբանական պալատի, ինչպես նաև պետական այն մարմինների ներկայացուցիչները:

 

Լուսանկարը` moj.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել