Օտարերկրյա անձինք կարո՞ղ են դիմել ՀՀ դատարաններ

Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար գործերի ենթակայությանը համապատասխան դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ:

Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց հավասար օգտվում են դատավարական իրավունքներից և կրում են դատավարական պարտականություններ:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով համապատասխան պետությունների օտարերկրյա անձանց համար կարող են սահմանվել վերաքննիչ բողոք բերելու ավելի երկարատև ժամկետներ:

Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանել դատավարական իրավունքների պատասխան սահմանափակումներ այն պետությունների օտարերկրյա անձանց նկատմամբ, որոնց դատարաններում թույլ են տրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց դատավարական իրավունքների սահմանափակումներ:

Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե`
1) այդ մասին առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ իրավաբանական անձի և օտարերկրյա անձի միջև համաձայնություն.
2) պատասխանողը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գույք.
3) ապահարզանի վերաբերյալ գործով` ամուսիններից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
4) առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի վերաբերյալ գործով վնասը պատճառվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.
5) գույքին պատճառված վնասը հատուցելու գործով վնասի հատուցման պահանջը ներկայացնելու համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում.
6) օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
7) հայցը բխում է պայմանագրից, որով կատարումը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում.
8) հայցը բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած անհիմն հարստացումից:

Վերոնշյալ կանոնների պահպանմամբ դատարանի կողմից քննության ընդունված գործը լուծում է դատարանն ըստ էության, թեկուզև վարույթի ընթացքում գործին մասնակցող անձանց գտնվելու վայրը փոխելու կապակցությամբ կամ այլ հանգամանքներով այն ընդդատյա է դարձել այլ պետության դատարանին:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել