Արտակարգ իրավիճակում ուղղիչ հիմնարկի կանոնակարգի առանձնահատկությունները

Տարերային աղետների, ուղղիչ հիմնարկի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև դատապարտյալների զանգվածային անհնազանդության, ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ուղղիչ հիմնարկում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ։

Արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է ՀՀ Արդարադատության նախարարը՝ մինչև երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտությունը վերանալը։

Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել դատապարտյալի՝ օրենքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության և հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի և հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների սահմանափակման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձևով: Ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դատապարտյալի, ուղղիչ հիմնարկի վարչակազմի և այլ անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ուղղիչ հիմնարկի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել վերոնշյալ միջոցառումների սահմաններում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին և ՀՀ Արդարադատության նախարարին:

Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալներին:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել