Սևանում սոճենի տեսակի 10 ծառը ապօրինի չի հատել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա.Սարգսյանի` 100.000 դրամ տուգանքի գումար հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` Ա.Սարգսյանի` ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության` 2012թ. հունիսի 15-ի թիվ 07/19 որոշումը վերացնելու պահանջի մասին:

Տեսչությունը դիմելով դատարան հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի կողմից կայացված որոշման և 2012թ. մայիսի 2-ի թիվ 97/6-1541 գրությամբ ստացված նյութերի հիման վրա Տեսչության Գեղարքունքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2012թ. հունիսի 5-ին իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հակընդդեմ հայցվորը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ Արևիկ մասնաճյուղի Փամբակի տարածքից ապօրինի հատել է 10 հատ սոճենի տեսակի ծառ։ Ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 66-րդ հոդվածով, 2012թ. հունիսի 15-ի թիվ 07/19 որոշմամբ Հակընդդեմ հայցվորը ենթարկել է 100.000 դրամ վարչական տուգանքի։

Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ա.Սարգսյանը ընդունել է, որ ինքը հատել է սոճենի տեսակի 10 ծառ։ Դրա հետ մեկտեղ նա պնդում է, որ այդ ծառերը գտնվել էն ջրի մեջ և պետք է հատվեին՝ ջուրը մաքրելու համար։ Սակայն իրավասու կազմակերպությունները դա չեն արել։ Ներկայումս էլ նույն տարածքում արդեն ծառահատուներ են կատարվում՝ ջուրը մաքրելու նպատակով։ Դրանից ելնելով գտնում է, որ ինքը բնությանը ոչ թե վնաս, այլ օգուտ է տվել, հետևաբար իրեն չպետք է տուգանեին։

Սույն գործի փաստերը վկայում են նաև այն մասին, որ Հակընդդեմ հայցվորին վերագրվող վարչական իրավախախտման փաստն արձանագրվել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից դեռևս 2012թ. ապրիլի 28-ին, և նույն օրը, այն է՝ 2012թ. ապրիլի 28-ին, հակընդդեմ հայցվորի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում որոշում է կայացվել:

Օրենքի վերոնշյալ դրույթից հետևում է, որ Հակընդդեմ հայցվորը դրանից հետո վարչական պատասխանատվության կարող էր ենթարկվել ոչ ուշ, քանի մինչև 2012թ. մայիսի 29 ներառյալ (մայիսի 28-ը տոնական, ոչ աշխատանքային օր է)։ Մինչդեռ Բաժինը Հակընդդեմ հայցվորի նկատմամբ վարչական տույժ է նշանակել 2012թ. հունիսի 15-ին, կամ օրենքով սահմանված ժամկետը 17 օրով կետանցելուց հետո։ Դրանից հետևում է, որ Բաժինը Հակընդդեմ հայցվորին վարչական պատասխանատվության է ենթարկել այն դեպքում, երբ օրենքով այդ իրավունքից նա այլևս զրկված է եղել։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել և անվավեր ճանաչել 2012թ. հունիսի 15-ի թիվ 07/19 որոշումը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել