Փաստաբաններին պետք է հնարավորություն տալ դիմել առանց դատական վարույթի. Էդմոն Մարուքյան

ԱԺ-ի երեկվա նիստի ժամանակ քննարկվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանմասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում դրական գնահատեց հիշյալ օրենքի փոփոխությունը: Նրա խոսքերով` եթե գործն արդեն դատարանում է, և փաստաբանին անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ` նա միջնորդության հայց է ներկայացնում դատարան, որը հիմնականում բավարարվում է:

Պատգամավորի հաղորդմամբ` պատահում են նաև դեպքեր, երբ հայցը չի բավարարվում.«Այս պարագայում առաջ է գալիս մրցակցության և պատշաճ կերպով քո վստահորդի շահերը ներկայացնելու խնդիրը: Իսկ երբ չկա հայցադիմում և դատարանում քննվող գործ` փաստաբանները բախվում է մի պատի, որը փաստաբանության զարգացմանն համար լուրջ խնդիր է»:

Մարուքյանի կարծիքով` շատ կարևոր է փաստաբններին հնարավորություն տալ դիմել առանց դատական վարույթի: Եթե որևէ փաստաբան իրեն որևէ կամայականություն թույլ տա, ապա այդ հարցը կդառնա փաստաբանական պալատի էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա, և տվյալ փաստաբանը բնականաբար կպատժվի. «Այս հնարավորությունը մենք պետք է անպայման ընձեռենք փաստաբաններին, որպեսզի փաստաբանական ինստիտուտը կայանա: Ինչքան այն կայանա, այնքան մենք կունենանք կայուն դատական իշխանություն»:

ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյաը ևս դրական արտահայտվեց օրենքի փոփոխության վերաբերյալ. «Ես ևս կողմնակից եմ այդ որոշմանը և մտավախություն չունեմ, որ այն կարող է չարաշահվել: Եթե մենք մտավախություն չունենք, որ դատարանները, պետական և ՏԻՄ մարմինները կարող են այդ տեղեկությունները պահանջել, ինչու՞ պետք է մտավախություն ունենք, որ փաստաբաններն այդ կպահանջեն»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել