Չկա հոդված, չկա հանցանք․ Արամ Վարդևանյան

«Հարգելի գործընկերներ, Սահմանադրական դատարանը արձանագրեց և ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր չարաբաստիկ ՔՕ 300.1 հոդվածը: Սահմանադրական դատարանն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այս իսկապես չարաբաստիկ հոդվածը: Ես ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, ես ցավում եմ, որ այս ամեն ինչն այսքան իրավական պրոցեսների դաժան ճանապարհի արդյունք էր, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց»,-այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա: 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է:

«Աննա Դանիբեկյանը քրեկան հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է: Սահմանադրական դատարանի որոշման ուժով՝ արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին ընդունման պահից ի վեր ուժ չունեն, ենթակա են վերանայման: Քրեական օրենսգրքում այլևս 300.1 հոդված չկա, եթե չկա հոդված, չկա հանցանք, սա Քրեական օրենսգրքի պարզ տրամաբանությունն է»,-ասաց փաստաբանը:

Վարդևանյանը նշեց, որ ապօրինությունը որևէ մեկի շահերից չի կարող բխել: Նաև հավելեց, որ դեռ 2018 թվականից հայտնել էին՝ այս հոդվածը առհասարակ որոշակիություն չունի:

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 23-ին խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ դիմումները վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրապարակեց դատարանի որոշումը։ Ըստ դրա՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78 (Համաչափության սկզբունք) և 79-րդ (Որոշակիության սկզբունք) հոդվածներին հակասող և անվավեր։

«Սույն որոշումը վերջնական է ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ»,-նշեց նա։ Որոշումը, ըստ սահմանված կարգի, 3 օրվա ընթացքում պետք է հրապարակվի ՍԴ պաշտոնական կայքէջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել