Կեղծ լուրեր տարածելու համար հայց է ներկայացվել Հրանտ Բագրատյանի դեմ. Հայկ Չոբանյան

«Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, սահմանային փոփոխության որևէ քննարկում, որևէ տեղեկատվություն չունենք, ինչ վերաբերում է զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ, դա մշտական բնույթ ունի և դա կապված է Պաշտպանության նախարարության ֆունկցիաների գործողությունների և իրենց պարտականությունների հետ»,-այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ ռուս խաղաղապահները այցելել էին Տավուշ:

Նրա խոսքով՝ եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի՝ առաջինն ինքը կանգնած կլինի սահմանին՝ վտանգը չեզոքացնելու:

«Մենք մեր խնդիրը լիարժեք լուծում ենք Տավուշի մարզում ՊՆ բոլոր ստորաբաժանումները լիարժեք իրենց վրա դրված բոլոր պարտականությունները կատարում են, Տավուշի սահմանը այն տարածքն է, որտեղ կանգնած է ՀՀ զինվորը»,-ասաց մարզպետը:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ մարզպետն ասաց. «2020 թվականին մենք ներդրումային ծրագրեր ենք ունեցել, համավարակի ընթացքում մեզ մոտ մի քանի տեքստիլ ձեռնարկություններ են ստեղծվել և հիմա մեծացնում են իրենց ծավալները: Հիմա աշխատում ենք ներդնողների հետ, ցանկանում եմ նշել, որ սահմանների հետ կապված խոսակցությունները բավականին բացասական ազդեցություն են ունենում, այս պահին ունենք ներդնողներ, որոնք կասեցրել են իրենց գործունեությունը այդ լուրերի տարածման հետ կապված»,-ասաց Հայկ Չոբանյանը:

Նա նշեց, որ ամենամեծ ծավալի ծրագրերը իրականացվելու են գյուղատնտեսության ոլորտում, որովհետև ամենամեծ ներուժը այդտեղ է թաքնված. «2021 թվականին մենք նախատեսել են 44 մլրդ դրամի ընդհանուր ներդրումային ծավալ, որի մեջ մասնավոր ներդրումային ծավալը կկազմի մոտավորապես 7 մլրդ դրամ»:

Քանի որ սահմանազատման հետ կապված լուրերը մի քանի ներդումային ծրագրերի դադարեցման պատճառ են դարձել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան ասաց, որ իրենք դիմել են դատարան: «Համապատասխան հայցով դիմել ենք դատարան, որպեսզի նմանատիպ ապատեղեկատվություններ տարածողները իմանան, որ պետք է լինի նաև պատասխանատվություն»:

Մարզպետն ասաց, որ հայցը ներկայացվել է Հրանտ Բագրատյանի դեմ. «Մենք այս թեմայի մասին պետք է շատ զգույշ լինենք, պետք է առհասարակ չխոսենք այս թեմայով, սրանով մենք օգնում ենք մեր թշնամուն: Այլևս չեմ ուզում խոսել այս թեմայով»,-ասաց մարզպետը:

Մարզպետն ասաց, որ այս պահին մարզից արտագաղթ չկա, ինչը պայմանավորված է նաև ներդրումային ծրագրերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել