Քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադարձնելու հարցը. ԱՀ ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակում ընդունել են Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Մարդու իրավունքների ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը և Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տվել Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ բարձրաձայնել միջազգային հարթակներում, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադարձնելու հարցը:
Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիական զոհերի հարազատների և քաղաքացիական վիրավորների իրավունքների, ինչպես նաև տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել