«Արարատի մարզի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ.»-ն ընդդեմ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի

«Արարատի մարզի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ.» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Արարատի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալության 08.11.2011 թվականի Վկ. թիվ 17718 «АВЗ» ապրանքային նշանը գրանցելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հայցվոր ընկերությունը հանդիսանում է 32, 33 և 35-րդ դասերի ապրանքների մի շարք ապրանքային նշանների սեփականատեր, որտեղ ապրանքային նշանների անվանումներում ու ապրանքների նշանների պատկերներում համապատասխանաբար պահպանվող տարրեր են հանդիսանում «А.К.З» տարրերը: Հայցվոր ընկերությունը տեղեկացել է, որ «Արարատի գինու գործարան» ՍՊ ընկերության անվամբ գրանցվել է «АВЗ» ապրանքային նշանը` ցանկի 33-րդ դասի «ալկոհոլային խմիչքներ» ապրանքների համար: Հայցվորը գտնում է, որ նշված ապրանքային նշանի գրանցումը խախտում է իր իրավունքները, քանի որ իրեն պատկանող ապրանքային նշանները, որոնք պարունակում են «А.К.З» տարրերը, գրանցված են 32, 33 և 35-րդ դասերի ապրանքների համար և ունեն ավելի վաղ առաջնությամբ գրանցումներ` գրանցված են դեռևս 2004 թվականից:

Այսպես, «А.К.З.» կամ «AKZ» բառակապակցությունը, որպես ապրանքային նիշ, գրանցված է իրավատեր Հայցվոր ընկերության անվամբ 21-րդ, 33-րդ, 35-րդ դասերով` թե՛ առանձին բառակապցության տեսքով, թե՛ այլ բառերի հետ մեկտեղ` որպես տարր, թե՛ շշի ու պիտակների պատկերների վրա: Հայցվոր ընկերության անվամբ գրանցված շշի և այդ շշի հատակի պատկերում «АКЗ» բառակապակցությունը պատկերված է առանձին, իսկ գրանցված պիտակների պատկերում «А.К.З.» բառակապակցությունը նույնպես պատկերված է առանձին` վերևի կենտրոնական մասում: Ի վերջո, հայցվոր ընկերության ֆիրմային անվանումն է «Արարատի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որտեղ նույնպես առկա են «Ա.Կ.Զ» բառակապակցության տարրեր:

Իր հերթին, «АВЗ» ապրանքային նշանը Գործակալության կողմից գրանցվել է 08.11.2011 թվականին միայն 33-րդ դասով` առանց պիտակի պատկերի, իսկ պատասխանող ընկերության անվանումն է «Արարատի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Վարչական դատարանը գտնել է, որ «АВЗ» ապրանքային նշանի ընկալման բառային տարրը շփոթելու աստիճանի նման չէ հայցվորի «ԱՅԱՍ AYAS A.K.Z.», «ԱՐՍԻԱ ARSIA A.K.Z.», «ԱՐԳԻՆԱ ARGINA A.K.Z.», «ԱՊԱՐԱՆ APARAN A.K.Z.», «ՍԱՐԳԻՍ SARGIS A.K.Z.» և «ԱՄԱՍԻԱ AMASIA A.K.Z.» ապրանքային նշանների հիմնական ընկալման բառային տարրին, ինչպես նաև հայցվոր «Արարատի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանմանը, քանի որ հայցվորի տվյալ ապրանքային նշանները և ֆիրմային անվանումը, թեև պարունակում են «Ա.Կ.Զ» կամ «A.K.Z.» տարրը, սակայն թե՛ բառային, թե՛ ձայնային, թե՛ գրաֆիկական առումով ընդհանուր չեն զուգորդվում «АВЗ» ապրանքային նշանին: Տնտեսական շրջանառության ընթացքում սպառողի կողմից դրանք շփոթելու հնարավորությունը բացակայում է, քանի որ հայցվոր ընկերության անվանումը և գրանցված ապրանքային նշանները բաղկացած են մի քանի առանձին ընկալվող բառերից` ի տարբերություն պատասխանող ընկերության վիճելի ապրանքային նշանի:

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել ամբողջությամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել