Պատահարի պատճառը վարորդի III աստիճան խմածությունն է եղել

Արմենակ Մ.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` 15.07.2011թ. թիվ ԱԳ 237225 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

16.04.2011թ.` ժամը 01։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում` թիվ 81/4 հասցեի հարևանությամբ, Արմենակ Մ.-ն իր անձնական օգտագործման «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է Գևորգ Ս.-ի՝ «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով էլ վերջինս ընդհարվել է Արսեն Դ.-ի՝ «ԲՄՎ 535» մակնիշի ավտոմեքենային։

Նույն օրը` ժամը 02։35 րոպեի սահմաններում, կատարվել է Արմենակ Մ.-ի սթափության վիճակի զննություն «Շտապօգնություն» ՊՓԲԸ-ի կողմից և կազմվել է արձանագրություն (ալկոհոլի օգտագործման չափը եղել է 1.93 մգ/լ, III աստիճան խմածություն)։ 28.06.2011թ. Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ-ում ավտովթարի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը Արմենակ Մ.-ի վերաբերյալ մերժվել է՝ Է.Ղ-ին և Ս.Հ-ին պատճառված մարմնական վնասվածքների մասով՝ բողոքի բացակայության, իսկ Գևորգ Ս.-ին, Արսեն Դ.-ին՝ պատճառված մարմնական վնասվածքների մասով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանություններով։

Արմենակ Մ.-ն ՀՀ ոստիկանության ՃՈ-ի կողմից ՀՀ ՎԻՎ օր-ի 124.6, 126-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի հոդվածների համաձայն` ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է վարչական տույժ 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով։

Արմենակ Մ.-ն սթափության վիճակի զննության արձանագրությունը չի ստորագրել, քանի որ համաձայն չի եղել ստացված արդյունքների հետ։

Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ անկախ այն հանգամանքից, թե ուղեգիր եղել է, անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության զննության արձանագրության հիման վրա։

Դատարանի գնահատմամբ «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի սթափության վիճակի զննության արձանագրության մեջ ուժը կորցրած իրավական նորմ վկայակոչելը հիմք չէ տուգանք նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու համար։ Մինչդեռ, դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը էական չէ Արմենակ Մ.-ին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում և չի հանգեցրել նրա` օրենքով սահմանված իրավունքների և օրինական շահերի խախտմանը, հետևաբար, հիմք չի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել