Վերջին օրերին ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից տեղեկություն տարածվեց, որ ներկայիս իշխանությունները Հայաստանի անունից ստորագրել են մեկ այլ փաստաթուղթ Արցախի տարածքների հանձնման մասին (Խորհրդային Ադրբեջանի Զանգելանի և Կուբաթլիի շրջաններ):
Նշվում է, որ այս «փաստաթուղթը» ուժի մեջ է մտել դեկտեմբերի 18-ին, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից Խծաբերդի շրջանում ժամկետից 5 օր առաջ տարածքների ու ռազմագերիների բռնագրավումը կապված էր հենց թիկունքի մաքրման հետ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ հայտարարություններից և ներկայացված փաստաթղթերից բացի, Գորիս-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ կա ևս մեկ պայմանավորվածություն, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճելի հատվածներով:
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատասխանելով «փաստաթղթի» վերաբերյալ լրագրողների հարցին նշեց․ «Ժողովուրդ ջան, եկեք գնանք իմ աշխատասենյակ, 300 հատ նման փաստաթուղթ կազմենք։ Ձեր ուզած տեքստը գրենք, այդ թվում՝ ռուսերենով, անգլերենով, թարգմանություն անենք ադրբեջաներենով»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։