«Հյունդայի Սոնատա 24» մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, առաջացրել է երեք մարդու մահ

Նախկինում դատվածություն չունեցող Սլավիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. մայիսի 12-ին վարելով Մարտին Ա.-ին պատկանող «Հյունդայի Սոնատա 24» ավտոմեքենան, Ագարակ-Լոռի Բերդ գյուղերի ավտոճանապարհի 1,8 հատվածում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, որը անզգուշությամբ առաջացրել է երեք մարդու մահ:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի՝

1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ են համարվում տրամվայները, տրոլեյբուսները, ինչպես նաև տրակտորները և ինքնագնաց այլ մեքենաները, մոտոցիկլները և մեխանիկական այլ փոխադրամիջոցները:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել