Հարկադիր կատարողի արձակուրդը

Հարկադիր կատարողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 20 աշխատանքային օր: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:

Կին հարկադիր կատարողին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ հարկադիր կատարողին` երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ամենամյա արձակուրդից հետկանչը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:

Տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը, հարկադիր կատարողի ցանկությամբ, կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:

Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած հարկադիր կատարողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:

Հարկադիր կատարողներին ընտանեկան հանգամանքների բերմամբ և հարգելի այլ պատճառներով կարող է տրամադրվել մինչև 10 օր տևողությամբ կարճատև արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում, և որի համար չի վճարվում:

Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ գլխավոր և առաջատար խմբի ծառայողներին` գլխավոր հարկադիր կատարողը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել