Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Կորյուն Ն.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 8-ին Գ. Լուսավորչի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Ն. Մարտիրոսյանի կրծքավանդակի հետին մակերեսին, վերջինիս պատճառել մարմնական վնասվածք` կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որը առաջացրել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնել:
Դատաբժշկական փորձաքննության 25.05.2012թ. թիվ 604/հ եզրակացության համաձայն` «Ն. Մարտիրոսյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող, ձախ ուսահոդի ծակած-կտրած և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերը` մկանների վնասումներով, հասցվել են սուր ծակող-կտրող գործիքով /ներով/, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին, որոնցից ծակած-կտրած չթափանցող վերքերը ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին, առաջացրել են առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի, իսկ ծակած-կտրած թափանցող վերքերը ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին առաջացրել են առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։ Հաշվի առնելով վնասվածքների անատոմիական տեղակայությունները՝ հնարավոր չէ դրանց առաջացումը վայր ընկնելու հետևանքով։
Դատարանը վճռել է անչափահաս ամբաստանյալ Կորյուն Ն.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net